Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի թագավորության նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի թագավորության նորանշանակ դեսպանին Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունը բարեմաղթեց արդյունավոր առաքելություն:


Հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, իր երախտագիտությունը հայտնեց Շվեդիային, ինչպես նաև միջազգային դիվանագիտական առաքելություններին պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
Վեհափառ Հայրապետը, ի դեմս դեսպանի, իր գնահատանքը բերեց Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, ազգային և հոգևոր կյանքով ապրելու հնարավորության ընձեռնման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաև, որ Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շվեդիայի դեսպանության հետ։

Իր հերթին դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար, հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել պատերազմից հետո իր առջև ծառացած բոլոր դժվարությունները։ Դեսպանն ընդգծեց նաև, որ մեծապես տպավորված է Հայաստանով և հայ ժողովրդի հյուրընկալությամբ։ Պրն․ Պատրիկ Սվենսոնը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ դեսպանությունը ջանքեր է գործադրելու  հայ-շվեդական կապերը տարբեր բնագավառներում առավել խորացնելու ու զարգացնելու ուղղությամբ՝ իրականացնելով մի շարք ծրագրեր։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը Շվեդիայի թագավորության դեսպանին ներկայացրեց Մայր Աթոռի դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և ներկայում իրականացվող գործունեությունը՝ կարևորելով քրիստոնեական արժեքների պահպանումն ու գործադրումը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց արդյունավետ գործունեություն ի զորացումն հայ-շվեդական հարաբերությունների:
 
 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք