211652_close_icon
views-count4005 դիտում article-date 22:01 25-09-2021

Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել․ Արցախի ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժինը։

Նշվում է, որ սեպտեմբերի 25-ին սոցիալական ցանցերում և Telegram ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և ռուսերենով շեշտում, թե գտնվում է Խանքենդիում։

«Ազգային անվտանգության ծառայության և ԱՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ, 2000թ․ ծնված Մ․ Ա․-ն, ով ԱՀ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման գործընթացում Արցախի ԱԱԾ-ն ակնկալում է հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը։ Կոչ են անում իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Արցախի Հանրապետության:

ԱՀ ԱԱԾ-ն հորդորում է նաև սոցիալական ցանցերում և այլ հարթակներում չտրվել հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից ուղղորդված ապատեղեկատվությանը և վախի մթնոլորտ ստեղծելուն ուղղված նյութերին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր