211652_close_icon
views-count40250 դիտում article-date 21:01 25-09-2021

Ծնունդդ շնորհավոր լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյան․ Դու քո զինակից ընկերների հետ բերդաքաղաք Շուշին անառիկ ես պահել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող  Շողակն գյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի ծննդյան 40-ամյակին նվիրված միջոցառում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին հերոսի ընտանիքի անդամները, ընկերները, այդ թվում՝ զինակից, համագյուղացիներ, հյուրեր ոչ միայն Երևանից ու մարզերից, այլև Արցախից ու ԱՊՀ երկրներից։

Մինչ տեղի կունենար Ռ․ Սարգսյանի անմար հիշատակին նվիրված պուրակի բացման ու հուշաղբյուրի օծման արարողությունը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, այնուհետև դիտեցին հերոսի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը, որից հետո կենդանի երգ ու պարով հյուրերի մոտ հանդես եկան արվեստի մի շարք գործիչներ։

Հուզիչ էր սիրված ու ճանաչված երգիչ Դավիթ Ամալյանի կատարումը, ում որդին նույնպես իր կյանքը զոհել է Արցախյան 44-օրյա պատերազմում։

Խաչքար- հուշաղբյուրի բացումից հետո, որը կատարեցին հերոսի եղբայրները, հոգևոր հովվի կողմից օծվեց այն։ Ու հետո ներկաներն, այդ թվում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված լեգենդար զինվորների հերոսացած մայրերը ծաղիկներ խոնարհեցին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում էին հավաքվել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած Ռոլանդ Սարգսյանի հարազատները, ընկերները, համակիրները, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ․ Սարգսյանն այս դպրոցի շրջանավարտ է եղել, ով վերջին պատերազմի  ժամանակ իր կյանքը զոհել է՝ հանուն Արցախի ու Հայաստանի սահմաններն անառիկ պահելու վեհ գործի, և իր ընկերների հետ նահատակվել է՝ չլքելով իրեն վստահված դիրքը։

Դպրոցն այսուհետ ունենալու է նրա անվան լսարան։ Լսարանի բացումը կատարեցին հերոսի տղան ու աղջիկը։

Լեգենդ դարձած Ռոլանդի ընտանիքի անդամները դասասենյակը հիմնովին վերանորոգել էին։ Պատերին փակցվել են նրա հերոսական անցյալը վավերագրող լուսանկարներ։

Նա, ով գիտակցաբար գնաց մահվան, դեռ Քառօրյա պատերազմի ժամանակ էլ է առաջնագծում եղել։

Միջոցառմանը ելույթով հանդես եկան «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, սիրված պարուսույց, առաջնագծում հայրենի հողը պաշտպանած Գագիկ Գինոսյանը, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը և նրա զինակից ընկերները։

Միջոցառմանը ներկա դպրոցի սովորողներն էլ ասում էին․

«Դեռ մինչև նահատակվելը, շատ բաներ էինք լսել Ռոլանդի մասին, նույնիսկ նրա կենդանության օրոք հպարտանում էինք, որ սովորում էինք այն դպրոցում, որի շրջանավարտներից մեկն ինքն է։ Հիմա նրա անվան լսարանը մեր դպրոցում դառնալու է հերթական սրբատեղիներից մեկը, քանի որ դպրոցում շատ կան հայ ազգի նվիրյալների անունով լսարաններ։ Ամեն անգամ նրա անվան լսարանը մտնելիս՝ հավատալու ենք, որ գալու է այն օրը, որ Շուշիի բերդաքաղաքում ծածանվելու է նորից եռագույնը, որ Շուշիի համար նահատակված մեր հերոսների սխրագործությունները դառնալու են ուսուցողական պատմություն սերունդների համար»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 689+
689+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր