211652_close_icon
views-count1649 դիտում article-date 20:32 25-09-2021

Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը․ Ազգային գրադարանում տեղի է ունեցել հետաքրքիր ու բացառիկ միջոցառում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են, ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում: Նշված գործիչներից է սիրված կոմպոզիտոր և մտավորական Ալեքսանդր Սպենդիարյանն, ով այս տարի կդառնար 150 տարեկան: Սրա շրջանակում կազմակերպվելու են մի շարք տարաբնույթ միջոցառումներ,ինչպես Հայաստանում,այնպես էլ դրա սահմաններից դուրս: Եվ ահա  խոսենք հայ արվեստասեր ու գրքասեր հասարակության սիրված կրթօջախի՝ Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցող հետաքրքիր ու բացառիկ միջոցառման մասին:

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին այստեղ՝ մեծ ցուցասրահում, բացվեց բացառիկ ցուցահանդես: Սա տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումների ծրագրի, ինչպես նաև միջթանգարանային համագործակցության շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ: Այն կրում էր «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»խորագիրը:

Այս գեղեցիկ խորագրի ներքո բացվեց հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաների, գրականության, սկավառակների, ձայնապնակների և ազդագրերի բացառիկ ցուցադրություն: Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանն, ով իր խոսքում նշեց,որ Հայաստանն արդեն 20-րդ անգամ է միանում Եվրոպական ժառանգության ծրագրին ու սա ամենամեծ ծրագրերից մեկն է,որ իրագործել են երեք թանգարանների համագործակցության շրջանակներում: Նա հավելեց,որ միջոցառումները տևելու են երկու օր՝սեպտեմբերի 25-26 ընկած ժամանակահատվածում: Բալասան Հարությունյանն իր խոսքի վերջում ասաց,որ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի միջոցառումները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ծրագրում:

Մինչ թանգարանային համագործակցության համագործակցության ու հետագա ծրագրերի մասին ելույթներ ունեցան Հայաստանի ազգային գրադարանի ու Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեններ գրադարանավար, գրականագիտության դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը և Մարինե Օթարյանը: Իրենց ելույթի վերջում նրանք շնորհակալություն հայտնեցին այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակներից ու ներկաներից: Իր ելույթի վերջում Մարինե Օթարյանը Ազգային գրադարանին ի նշանավորումն համագործակցության նվիրեց Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը հրատարակած դիրիժոր Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը, որը դիրիժորը գրել է՝ տասնամյակներ շարունակ ղեկավարելով և ուսումնասիրելով «Ալմաստ» օպերան:

Նշենք,որ այս գեղեցիկ ծրագրին մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ,երաժշտասեր ու արվեստասեր հասարակություն,գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ և այլք:Միջոցառումից հետո բոլոր ներկաների հուզող հարցերին պատասխանում էին թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը և գիտական աշխատողները:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր