211652_close_icon
views-count4464 դիտում article-date 10:49 25-09-2021

Ամաչում եմ նայել զոհված զինվորների ծնողների աչքերին․ խոսքեր չկան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատերազմի մեկամյակին ենք մոտենում, իսկ մենք դեռ ամեն օր լուր ենք ստանում, որ հայ զինվորի աճյուն է հայտնաբերվել: Ուրախանում ենք, որ ԱՄՆ կոնգրեսը գերիների մասին բանաձեւ է ընդունում: Ես ամաչում եմ նայել զոհված զինվորների ծնողների աչքերին, ինձ մեղավոր եմ զգում, որ նրանք դժբախտ են, իսկ մենք ապրում եւ աշխատում ենք` կարծես 2020 թվականի պատերազմը չի եղել:

Ի՜նչ մխիթարանքի խոսքեր կարելի է ասել 40-ամյա որդեկորույս մորը, որին ինչ-որ մասունքներ են հանձնել, եւ նա վստահ չէ, որ դրանք իր որդունն են, բայց ուրախ է միայն այն բանի համար, որ իր 20-ամյա որդին` իր փայփայած, սնած, լուսավոր զավակը, գերեզման է ունենալու: Գերեզման, որին նա արժանանալու էր առնվազն 60-70 տարի անց: Իսկ մինչ այդ ապրելու էր, ամուսնանալու էր, երեխաներ էր ունենալու, իր ծնողներին էր խնամելու, հանրության համար պիտանի աշխատանքով էր զբաղվելու:

Ի վերջո` ծնողներին ուրախացնելու էր իր հաջողություններով, այլ ոչ թե գերեզման ունենալով: Ես ամաչում եմ նայել այն երեխաների աչքերին, որոնք որբ մնացին, այն կանանց աչքերին, որոնք ջահել-ջիվան որբեւայրի դարձան, եւ շատ փոքր է հույսը, որ երբեւէ երջանիկ կլինեն ու կգտնեն հոգեկան խաղաղվածություն: Ի՜նչ խոսքերով մխիթարես այն երիտասարդ կնոջը, որն ամուսնու կամ սիրեցյալի գերեզմանի մոտ է իր ազատ ժամերն անցկացնում, փոխանակ նրա հետ կինո, թատրոն գնալու: Ինչպե՜ս ամոքես այն փոքրիկի ցավը, որը հոր շիրիմի նկարն է համբուրում, հորը գրկել-համբուրելու փոխարեն:

Եվ վերջապես՝ ի՞նչ խոսքեր ասես այն տգետ պաշտոնյային, այն ապաշնորհ իշխանավորին, նրանց շրջապատող բոլոր «բույսերին», որ հասկացնես` այս ցավը բոլորինս է, եւ մենք բոլորս ենք մեղավոր, բայց ձեր մեղքն անչափելի է, դուք եք կրում սրա պատասխանատվությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր