211652_close_icon
views-count2736 դիտում article-date 10:25 25-09-2021

Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում պատվաստումների թեման կրկին բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ճիշտ է՝ ներկայիս պայմաններում պատվաստումը մնում է համավարակի դեմ պայքարի՝ գիտնականների կողմից առաջարկվող փաստացի միակ միջոցը, սակայն խնդիրը կապված է հայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնված կարգի հետ, որը խիստ սահմանափակումներ է նախատեսում և ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։

Ըստ էության, առողջապահության նախարարությունն այնպիսի պայմաններ է ստեղծում աշխատողների ու գործատուների համար, որ պատվաստումն, ըստ էության, պարտադիր է դառնում։ Անվճար պատվաստման այլընտրանքը ամսվա ընթացքում երկու ՊՇՌ թեսթ հանձնելն է, որը մեր պայմաններում բավական թանկ է, իսկ մարդկանց եկամուտները Հայաստանում շատ ցածր են։ Մյուս կողմից էլ, եթե քաղաքացիները չեն պատվաստվում, ապա նրանք կանգնելու են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, կամ էլ գործատուն անընդհատ տուգանվելու է։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իրեն թույլ է տալիս հայտարարել, թե մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում:

«Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի»,- ասել է նա, ինչը սոցցանցերում առավելապես որակվել է որպես հերթական ծաղր հանրության նկատմամբ: Բայց սա Փաշինյանն է, ուրեմն նման բաներից զարմանալ պետք չէ, նա միշտ է ծաղրում ժողովրդին: Մյուս կողմից՝ պատվաստման վերաբերյալ իշխանությունների այս պարտադրանքը իրավաբանական համայնքի տարակուսանքն է առաջացնում։ Նախ՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը համարվում է ոչ միայն հակաժողովրդավարական, այլև, ըստ իրավաբանական հանրության, հակասում է օրենքներին և Սահմանադրությանը։ Սակայն դա իշխանություններին ամենևին չի հետաքրքրում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր