Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավորի որդի է, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ ու փամփուշտի գնդակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավորի որդի է, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ ու փամփուշտի գնդակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր` սեպտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ; 

Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության կենտրոնական բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Կենտրոնի ոստիկանության ծառայողները պարզել են՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը։

Ըստ բժիշկների հայտնածի՝ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ս. Մելիքյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։ 

Փաստի առթիվ քննչական 3-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան 3/1 հասցեում գործող «ԷՎՆ» սրճարանում առաջացող վիճաբանության ժամանակ, որը այնուհետև շարունակվել է սրճարանից դուրս՝ Աբովյան 5 և 7 հասցեների միջև ընկած միջանցիկ ճանապարհին, որտեղ էլ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի հրազենից մի քանի անգամ կրակոցներ է արձակել Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի ուղղությամբ։ 

Դեպքի վայրի զննությամբ քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորույան աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ. Մանուկյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք