Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում. Արմեն Սարգսյանի ուղերձը

Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում. Արմեն Սարգսյանի ուղերձը Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ։ Ներկայացնում ենք նախագահի ուղերձը.


«Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական եւ գիտական գործունեության տարիներին:

Իսկ մեր գիտական միտքն իր հերթին եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը: Ես ցավով եմ այս ամենն արձանագրում անցյալ ժամանակով: Բայց Բյուրականի աստղադիտարանի պարագայում բոլորովին այլ պատկեր է: Գուցե տեխնիկական եւ տեխնոլոգիական առումով այն դեռեւս հեռու է ժամանակակից կոչվելուց: Սակայն այնտեղ կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարեւոր մասն են:

Բյուրականի աստղադիտարանի հոբելյանը եւս մեկ առիթ է խոսելու այն մասին, որ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Խոսքը վերաբերում է թե՛ գիտությամբ զբաղվելուն, թե՛ գիտական արդյունք ստեղծելուն, թե՛ նրա զարգացման ուղղված քայլերին, թե՛, իհարկե, լավագույն ավանդույթների վերականգնմանը։

Աշխարհն այսօր ոչ թե առաջ է շարժվում, այլ՝ խելահեղ արագությամբ սլանում է առաջ։Եթե մենք որպես պետություն, որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես գիտական համայնք չզգանք այդ արագությունը, հետագայում անհնար կլինի հետ բերել կորցրած ժամանակը...

Եթե հայ գիտնականը այսօր էլ կարողանում է ձեռքբերումների հասնել արտերկրում, ինչու՞ նույնը հնարավոր չէ անել հենց Հայաստանում։ Արդյո՞ք խնդիրը միայն համապատասխան ֆինանսավորման բացակայությունն է։ Արդյո՞ք խնդիրը համապատասխան պահանջարկի, պատվերի, երաշխիքի բացակայությունն է․․․

Գիտական կոնֆերանսներից մեկում առիթ եմ ունեցել ասելու, որ երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ուզում եմ կրկնել, որ անգամ մեզ նման փոքր երկիրը, եթե ճիշտ կենտրոնանա եւ ուսումնասիրի հիմնական կարիքները՝ կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում:

75 տարի առաջ, երբ հիմնադրվում էր Բյուրականի աստղադիտարանը, ներկայիս տեխնոլոգիաները գուցեեւ ֆանտաստիկա էին։

Այսօր ֆանտաստիկան վաղուց իջել է երկիր եւ գիտությանը պարտադրում է հաշվի նստել իրականության հետ, իսկ երազողներին՝ մտածել ֆանտաստիկայի արդեն գալիք դրսեւորումների մասին:Եթե ժամանակին աստղերին հետեւում էր առավելապես մարդկային բանականությունը, այսօր արհեստական բանականությունն անցել է նաեւ աստղագիտության ոլորտ: Աստղային երկնքին հետեւում են նորագույն տեխնոլոգիաները: Սակայն երբեք չմոռանանք, որ նրանք բոլորը մարդկային մտքի ու բանականության ծնունդ են, չմոռանանք, որ լավագույն տեխնոլոգիաներն առաջին հերթին միտքն ու տաղանդն են...

Բյուրականի աստղադիտարանի ողջ անձնակազմին, իմ գործընկերներին ու ընկերներին, մարդկանց, որոնք աստղերի էությունը թարգմանաբար հասցնում են մեզ, մաղթում եմ առողջություն, նոր հաջողություններ եւ ամենայն բարիք»։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք