Ինչպիսի ազդեցություն ունի Աֆղանստանի հարցը ԼՂ հակամարտության վրա․ «Ամերիկայի ձայն»

Ինչպիսի ազդեցություն ունի Աֆղանստանի հարցը ԼՂ հակամարտության վրա․ «Ամերիկայի ձայն» Ամերիկյան զորքերի դուրս բերումից ու թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո Անկարան ձգտում է մեծացնել իր դերակատարությունը Աֆղանստանում՝ հաշվի առնելով վերջին տարիների իր հավակնոտ քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում, ներառյալ Սիրիայում, Լիբիայում, միջերկրածովում, ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, նշել է վերլուծաբան Ռոջեր Քանգասը Ջորջթաուն համալսարանի՝ Աֆղանստանի թեմայով կազմակերպած քննարկմանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Ըստ վերլուծաբանի, սակայն, Աֆղանստանում իրավիճակը զարգանում է ոչ ի օգուտ Թուրքիայի:  «Ամռան սկզբին թվում էր, որ Թուրքիան հիանալի հնարավորություն ունի կարևոր դեր խաղալ հետամերիկյան և հետՆԱՏՕ -ական Աֆղանստանում: Այժմ, պատկերն այնպիսին է, որ Անկարան շատ ավելի քիչ ներկայություն ունի այստեղ, կարող է արգելափակվել կամ ստիպված լինել սահմանափակել իր գործունեությունն Աֆղանստանում»,- ասում է Ռոջեր Քանգասը:

Նա հիշեցնում է, որ շաբաթներ առաջ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը հանձնվել էր Թուրքիային, որը վերահսկում էր Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանը: Ըստ վերլուծաբանի՝ դա որոշակի պատրանք ստեղծեց, որ Թուրքիան հնարավորություն ունի առանցքային դեր ստանձնել Աֆղանստանում:

«Թալիբները հստակ հասկացրել են, որ Թուրքիան չունի այդ դերը: Դա համաձայնություն էր Ղանիի կառավարության հետ: Թալիբանի վերաբերմունքն այնպիսին է, որ իրենք կարիք չունեն թուրքական ռազմական կամ անվտանգության ուժերի՝ իրենց ակտիվները վերահսկելու համար»,- ասում է վերլուծաբանը:

Վերլուծաբանի կարծիքով մի շարք այլ երկրներ կարող են ստանձնել առանցքային դերակատարություն «հետամերիկյան» Աֆղանստանում:

«Առանցքային այդ դերակատարությունը կարող է վերագրվել այնպիսի երկրներին, ինչպիսին են, օրինակ, Քաթարը, որը մեծ վարպետությամբ աշխատել է երկու կողմերի՝ Թալիբանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը: Այսպես, ես կարծում եմ, որ Թուրքիան այստեղ ունեցել է կորուստ»,- նշում է Քանգասը:

Խոսելով Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցության մասին՝ Ռոջեր Քանգասը գտնում է, որ իրավիճակն Աֆղանստանում ուղակիորեն չի անդրադառնում հարավկովկասյան զարգացումներին ու մասնավորապես ԼՂ հակամարտությանը: Դրա հետ մեկտեղ, սակայն, ըստ բանախոսի, առկա է անուղակի կապ, քանի որ տարածաշրջանային տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ուշադրությունը Հարավային Կովկասից տեղափոխվել է դեպի Աֆղանստան:

«Կարծում եմ՝ խաղաղության գործընթացի, բանակցությունների եւ բռնությունների վերսկսման վրա իրական ազդեցության տեսանկյունից առավել մեծ է ուշադրության շեղման գործոնը»,- նշում է նա:

Վերլուծաբանը չի բացառում, որ Աֆղանստանի խնդրի պատճառով ԼՂ հակամարտության նկատմամբ ուշադրության նվազումը կարող է մեծացնել երկկողմանի ձևաչափի կարևորությունը և ստիպել հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մեծ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք