Կատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին

Կատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին 2021 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Էմիրի Դիվանում ընդունեց Կատարում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում է Կատարում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջը:


Ջերմ ընդունելության սկզբում, որպես Հայաստան-Կատար հարաբերությունների հիմնադիր դեսպան /2001թ-ից, նստավայրը Թեհրան/ և Դոհայում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան /2019թ․ մայիսից/, պարոն Գեղամ Ղարիբջանյանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար Էմիրի կողմից պարգևատրվեց «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով։ Պարգևատրման հրովարտակում նշված է․

«Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիից Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան պարոն Գեղամ Ղարիբջանյանին
ի գնահատում Ձեր գովելի ջանքերի և Ձեր լավ աշխատանքի և ի հավաստում երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության,
շնորհեցինք Ձեզ «Ալ-Վաջբա» շքանշանը
և հրամայեցինք թողարկել սույն հրովարտակը նշվածի վերաբերյալ։

Գրված է էմիրի Դիվանում

Հիջրայի թվագրության հազար չորս հարյուր քառասուներեք թվականի Սաֆար ամսվա հինգերորդ օրը, որը համընկնում է երկու հազար քսանմեկ թվականի սեպտեմբերի տասներկուսին»։

Օգոստոս ամսից ի վեր իրենց առաքելությունն ավարտող դեսպանների՝ այդ թվում Ֆրանսիայի, Բելգիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Եթովպիայի և այլոց շարքում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը միակն է, ով արժանացել է պարգևի։

Նույն օրը ավելի վաղ բացառության կարգով դեսպան Ղարիբջանյանին ընդունեց Կատարի Պետության վարչապետ շեյխ Խալեդ բին Խալիֆա Ալ Թանին:

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք