211652_close_icon
views-count1119 դիտում article-date 10:49 18-09-2021

Ավտորիտար համակարգը մնացել է ճիշտ նույնը․ 30 տարվա հիմնական խնդիրները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ամերիկացի հետազոտող Ջարեթ Դայմոնդը, որի աշխատությանը («Ճգնաժամ. ինչպիսին է ճգնաժամից դուրս գալու մեխանիզմը») արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու, բազմաթիվ մեխանիզմների շարքում նշում է հետեւյալը՝ անհրաժեշտ է «ցանկապատ կառուցել»:

Այդ «ցանկապատով» տարանջատվում է այն, ինչը տվյալ երկրում քիչ թե շատ կայացել է, նրանից, ինչը չի կայացել եւ հետ է տանում երկիրը: Իհարկե, դրանից բխող հետագա գործողությունների համար կարեւոր նախապայման է ազնիվ լինելը եւ գնահատական տալիս՝ քաղաքական շահերի հետեւից չընկնելը:

Այնպես չէ, որ Հայաստանում ամեն ինչ վատ է, ինչպես որ փորձում են ներկայացնել ընդդիմադիրներն ու նրանց համակիրները: Նշենք, թե որոնք են մեր ուժեղ կողմերը. 1/ բանկային համակարգը, վկա՝ դրամի հարաբերական կայունությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում, 2/ առողջապահությունը, որն, ընդհանուր առմամբ, դիմակայում է համավարակին, 3/ մարդկային կապիտալը՝ աշխատող մարդկանց փորձն ու ունակությունները. այդ ցուցանիշով, Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, մեր ցուցանիշը միջինից բարձր է, 4/ կայացման ճանապարհին էր դատական համակարգը, որի նկատմամբ, սակայն, գործադիր իշխանությունը վերջերս ակնհայտ ոտնձգություններ է անում, 5/ մեր երկրում երկու անգամ անընդմեջ անցկացվել են արդար ընտրություններ՝ եւս 2-3 անգամ դա տեղի ունենալու դեպքում, այդ խնդիրն օրակարգից կհանվի:

Այս ամենը ցանկապատից «այս կողմ» է: Իսկ հիմա խոսենք այն մասին, ինչն է, որ այս 30 տարում այդպես էլ չի կայացել: Ամենակարեւոր խնդիրն այն է, որ ավտորիտար համակարգը, որի դեմ «խոսքի մակարդակով» ուղղված էր 2018 թվականի հեղափոխությունը, մնացել է ճիշտ նույնը, ինչն, ի դեպ, հարցականի տակ է դնում «հեղափոխություն» բառը: Ավտորիտար համակարգի դրսեւորումներից է այն, որ խորհրդարանը որեւէ ձեւով չի հակակշռում գործադիր իշխանությանը՝ մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների միակ պարտականությունն է «շեֆին» ընդդիմախոսներից պաշտպանելը (երբեմն նաեւ՝ ոտքերն օգտագործելով):

Դրա մասին շատ է խոսվել եւ դեռ խոսվելու է:

Մյուս առանցքային խնդիրն է խոշոր բիզնեսի՝ իշխանությունից ոչ անկախ լինելը: Դրա վերջին ամենավառ օրինակն է Գագիկ Ծառուկյանի դեպքը: Հենց որ նա մոտ մեկ տարի առաջ ասաց, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների դեմ հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր թե՛ բիզնեսների հետ կապված, թե՛ ընտրակեղծարարության մեղադրանքով: Իշխանական քարոզչությունն այն ժամանակ հիշեց անգամ 40 տարվա հնության բռնաբարության գործը (ինչն, իմ կարծիքով, էթիկապես անընդունելի է):

Բայց հենց որ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն քաղաքական առումով «խելոքացան» (ենթադրաբար, վարչապետի հետ հանդիպելուց հետո), այդ ամենը մոռացվեց, եւ հիմա ո՛չ այդ գործարարին, ո՛չ էլ նրա բիզնեսներին ոչինչ չի սպառնում: Դա վկայում է երկու բանի մասին. ա/ իրավապահ մարմինները շարունակում են կատարել քաղաքական իշխանության պատվերը, բ/ ոչ մի գործարար ապահովագրված չէ իշխանության միջամտությունից, իշխանությունը կարող է տապալել, ոչնչացնել ցանկացած բիզնես, իսկ դա նշանակում է, որ ազատ շուկայի եւ մրցակցության մասին Հայաստանում խոսելը դեռեւս վաղ է:

Անձերը փոխվում են, բայց 30 տարի գոյություն ունեցող խնդիրը մնում է նույնը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր