211652_close_icon
views-count1281 դիտում article-date 09:49 14-09-2021

Ով է խոչընդոտում տարածաշրջանում համագործակցություն հաստատելուն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նախորդ շաբաթվա ավարտին պաշտոնական Բաքուն աչքի ընկավ իր հերթական ագրեսիվ եւ ապակառուցողական վարքագծով: Վերջինս Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի՝ իր իսկ կողմից GPS-ով ադրբեջանական տարածք տեղորոշած հատվածում՝ Որոտան գյուղի հարեւանությամբ, ոստիկանության պահակակետ տեղադրեց: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի հայտարարության՝ ադրբեջանցիները ստուգում են Պարսկաստանից Հայաստան մուտք գործող բեռնատարների փաստաթղթերը: Այդ գործողությանը գրեթե միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ այլ երկրների իրավաբանական ու ֆիզիկական անձինք եւ նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք»՝ պնդելով, որ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության նման դեպքերը երկրի օրենքների խախտում են:

Ադրբեջանի ՊՆ-ն նամակներ է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարություն եւ Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարություն՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների՝ Ադրբեջանի տարածք մուտքի հետ, հատկապես այն տարածքների, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս քայլերն ուղղված են Իրանից Հայաստան մտնող բեռնատարների դեմ: Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվ քննարկվում էր նաեւ Արցախ այդ երկրից ժամանած բեռնատարների մուտքի հարցը: Դրանցով սովորաբար հեղուկ գազ է հասցվում ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը: Ադրբեջանի վերջին գործողությունը փաստում է, որ օրեր առաջ Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակումը պատահական չէր, եւ դա ընդհանուր գործողությունների տրամաբանության մեջ էր:

Միեւնույն ժամանակ Ադրբեջանը խոչընդոտում է նաեւ իրանական բեռների տարանցումը Հայաստանի տարածքով՝ ստիպելով օգտվել իր տարածքի ճանապարհներից, որոնք տնտեսապես արդյունավետ չեն՝ անհամեմատ ավելի երկար լինելու պատճառով:

Սա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ Բաքուն տարածաշրջանում համագործակցություն հաստատելու մասին իր հայտարարություններին տրամագծորեն հակառակ գործողություններ է իրականացնում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր