211652_close_icon
views-count64582 դիտում article-date 16:27 13-09-2021

Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն ավելի բարձրում մնացին... Երևանում՝ Ֆրունզեի 8 հասցեում, բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորներ Վարդանի ու Վիրաբի հիշատակին նվիրված պուրակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձունքը մերն է,
Տղերքը` չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին,
Աստղերը հանգան
Ու Մռմուռ քսվեց
Մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-բարձունքը մերն է, տղերքը… չկան։


Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Ֆրունզեի 8 հասցեում, տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ժամկետային զինծառայողներ Վարդան Զաքարյանի և Վիրաբ Բաբայանի հիշատակին նվիրված հուշաքարի, ցայտաղբյուրի և պուրակի բացման արարողությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բակը, որտեղ իրենց մանկությունն ու պատանեկությունն են անցկացրել լեգենդ դարձած Վիրաբն ու  Վարդանը, որտեղից էլ նրանք մեկնել են բանակ, մարդաշատ էր։ Ներկա էին նահատակված հերոսների հարազատները, ընկերները, բարեկամները, բազմաթիվ՝ լեգենդ դարձած զոհված զինվորների հերոսածին մայրեր ու հայրեր, անգամ հերոսներին չճանաչած, սակայն պատերազմից հետո նրանց մասին լեգենդներ լսած քաղաքացիներ։

Միջոցառմանը ներկա էր նաև Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ 

Զոհվածի հայրն իր խոսքում շնորհակալանքի խոսք ուղղեց իր հարևաններին, բակի բնակիչներին, ովքեր, երբ լսել էին տղաների զոհվելու մասին լուրը, հուղարկավորությունից հետո որոշել էին, որ իրենց բակում պետք է ունենան նման անկյուն ու գործի էին անցել և կարճ ժամանակում բարեկարգել էին այդ հատվածը, դարձրել մի իսկական սրբատեղի, իսկ հերոսների դիմանկարները նկարել է գյումրեցի երիտասարդ նկարիչ՝ 24-ամյա Արման Մաթևոսյանը, ով հանրությանն արդեն հայտնի է որպես Երևանի և Գեղարքունիքի մարզի մի քանի շենքերի պատերին 44-օրյա պատերազմում նահատակված բազմաթիվ հերոս զինվորների դիմանկարները նկարելով։ 

Մինչ հերոսների մեծարման երեկոյին անցնելը, հուշաքարի վրայից վերցվեց սպիտակ սավանը, այնուհետև հոգևոր հովվի կողմից օծման արարողությունից հետո տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ ներկաներն ունկնդրեցին կենդանի երգ-երաժշտություն։

Միջոցառման ժամանակ պաշտպանության նախարարության կողմից հերոսների ծնողներին հանձնվեց Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նրանց տրված մեդալ։ Ծնողներին իրենց խոսքն ուղղեց Արցախի վետերանների միության ներկայացուցիչը, ինչը նաև հուզեց ներկաներին։ 

Միջոցառմանը ներկա էին նաև հերոսներ Վարդանի ու Վիրաբի զինակից ընկերները, այդ թվում՝ զորամասի հրամանատարական կազմից, ովքեր իրենց խոսքում ասում էին. «Լեգենդը էլ ո՞նց է լինում. էդ տղերքը իսկական լեգենդ էին։ Հեչ չէիր ասի, թե մի քանի շաբաթվա ծառայողներ էին։ Ծառայության հենց սկզբից էլ համոզվեցինք, որ նրանց համար հայրենիքն ու տունը սկսում են  առաջնագծից։ Էդ տղերքն ու նրանց նման բոլոր զինվորները էս կռիվը չեն պարտվել։ Էս կռվում իրենք իսկական հայի ոգով, իսկական հայի համառությամբ, իսկական հայի դուխով մինչև վերջ բոյ են տվել մինչև ատամները զինված հակառակորդի դեմ։ Վիրաբի տան մի անկյուն էլ դարձել է մի փոքրիկ թանգարան։ Անգամ շաբաթ-կիրակի օրերին մարդիկ այցելում են հերոսի տուն, իրենց հուշերով կիսվում ծնողների հետ ու պատմում այնպիսի բաներ, որ ծնողների մոտ հպարտություն է առաջանում։ Այդքան կարճ կյանքում նա կարողացել է ապացուցել, որ միշտ եղել է բարձունքում, և միշտ բարձունքում է եղել նաև Վարդանը, ով այսօր կդառնար 23 տարեկան։

Ձեր մահով դուք բռնեցիք հավերժի ճամփան։ Մենք ձեզ բացակա չենք դնի, իսկ բակում կառուցված ձեր մեծադիր լուսանկարներով սրբատեղիում ամեն օր խոսք ու զրույցի թեման լինելու է ձեր հերոսական պատմությունները։ Այնպես որ դուք և ձեր նման բոլոր զինվորները չեք պարտվել, այլ հաղթել եք»։


Վարդան Արթուրի Զաքարյանի կենսագրությունը

Ծնվել է 1998 թվականի սեպտեմբերի 13֊ին, Չարենցավան քաղաքում։ 2004 թվականին ընդունվել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան դպրոց, որտեղ սովորել է մինչև 2010 թվականը։ Այնուհետև տեղափոխվել և ուսումը շարունակել է Երևանի համար 18 դպրոցում։

2013 թվականին ընդունվել է Հայ֊հունական պետական քոլեջի խոհարարական բաժինը։ Այնտեղ սովորել է 3 տարի։

2018 թվականին ընդունվել է Գյուղատնտեսական ինստիտուտ, սակայն 2020 թվականին ուսումը կիսատ է թողել և զորակոչվել բանակ։ Վարդանն այս տարի պետք է սովորեր 4-րդ կուրսում։ Պատերազմի սկսվելուց ընդամենը 1 ամիս առաջ էր զորակոչվել ՀՀ զինված ուժեր։ 

Վարդանը մասնակցել է Մարտունիի համար մղվող մարտերին ոի հերոսաբար զոհվել հոկտեմբերի 23֊ին թշնամու ավիացիոն գրոհի ժամանակ։

***
Վիրաբ Արմենի Բաբայանի կենսագրությունը

Ծնվել է 1998 թվականի հուլիսի 8-ին: Սովորել է Երևանի թիվ 154 դպրոցում, ապա կրթությունը շարունակել Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում, որից հետո բարձր գնահատականներով ընդունվել և ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

Համալսարանն ավարտելուց հետո, 2019 թվականի հուլիսի 18-ին զորակոչվել է հայոց բանակ: Լուսակերտի ուսումնական կենտրոնում ստանալով հրետանավորի որակավորում և «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում՝ տեղափոխվել է Արցախի Մարտունի 2 պաշտպանական շրջան:

Վիրաբը պատերազմի առաջին օրվանից սկսած մինչև հոկտեմբերի 23-ը իր ընկերների հետ հերոսաբար կռվել և զոհվել է հանուն հայրենիքի:

Նա ծառայության ընթացքում գերազանց ծառայության համար պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու շքանշաններով: Ստացել է «սերժանտ» զինվորական կոչում:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պատերազմում ցուցաբերած արիության համար Վիրաբը հետմահու պարգևատրվել է «Մարտական գործողություն» մեդալով:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 576+
576+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր