211652_close_icon
views-count202580 դիտում article-date 10:00 02-09-2021

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ավտոբուսը բախվել է ծառին, կան 30-ից ավելի վիրավորներ, որոնց մի մասին ավտոբուսից դուրս են բերել Արտաշատի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 32 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանտու հերթապահի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։

Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը, հրամանատարի տեղակալներ Արամ Ադիբեկյանը, Հայկ Դավթյանը և նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Էդգար Սատյանը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Վթարից կարճ ժամանակ անց շատ արագ ժամանեցին փրկարարները, բժիշկների մի քանի խմբեր և վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում օգնություն էին ցուցաբերում։ Մի քանիսին քաղաքացիները սեփական ավտոմեքենաներով տեղափոխեցին, բայց հալալ էր փրկարարներին ու բժիշկներին, որ վայրկյանների ընթացքում հասան դեպքի վայր։ Ճանապարհային ոստիկաններին էլ էր հալալ. մի քանի վիրավորների ուղեկցեցին, որպեսզի շուտ հասնեն»։

***

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՃՈ ավագ հետաքննիչ Գ. Պողոսյանը պարզել է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ս. Գրիգորյանը, Գետազատ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա Մովսես Հարությունյանը, 19-ամյա Եսայի Ղարիբյանը, 19-ամյա Վահագն Հարությունյանը, Աբովյան գյուղի բնակիչ՝ 25-ամյա Վարսիկ Հովհաննիսյանը, Արևշատ գյուղի բնակիչներ՝ 63-ամյա Աննա Գոմցյանը, 17-ամյա Ժաննա Թալիշյանը, 61-ամյա Հովհաննես Սիմոնյանը, 40-ամյա Լուսիկ Թալիշյանը, Բյուրավան գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Հերմինե Խաչատրյանը, 18-ամյա Քնարիկ Պողոսյանը, Նշավան գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Ռոմիկ Սարդարյանը, 63-ամյա Վանիկ Առաքելյանը և Լյովա Բասեղյանը, ում տվյալները պարզվում են,

«Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Դեղձուտ գյուղի բնակիչներ՝ 18-ամյա Լիանա Ներսիսյանը, 20-ամյա Նաիրա Մուրադյանը, 18-ամյա Ալվարդ Մելքոնյանը, Արևշատ գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Ռաֆայել Գևորգյանը, 57-ամյա Հայրապետ Գալստյանը, 31-ամյա Հայկուշ Մուրադյանը, 21-ամյա Ալբերտ Թևոսյանը, Գետազատ գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Հերմինե Հովսեփյանը, 28-ամյա Էմիլյա Քարամյանը, 20-ամյա Ասինկա Պողոսյանը, 20-ամյա  Անուշիկ Գյուրջյանը, Աբովյան գյուղի բնակիչներ՝ 29-ամյա  Արևիկ Ալեքսանյանը, 20-ամյա Գարսևան Մանչոյանը, 21-ամյա Պետրոս Պետրոսյանը և Նշավան գյուղի բնակիչ՝ 65-ամյա Պատվական Մնացականյանը,

«Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գետազատ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Նունե Փանոսյանը։ 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր