Վանդալիզմ՝ Եռաբլուրում. քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոսի գերեզմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանդալիզմ՝ Եռաբլուրում. քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոսի գերեզմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասաց, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն:

Ասաց, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:

Ըստ հերոսի հոր՝ այդ արարքը կատարողները թուրքից էլ վատն են, որ կարողացել են այս երկրի համար իր կյանքը նվիրաբերած հերոսի գերեզմանը քանդել:

Հայրը խոստացավ, որ առավոտյան խմբով գնալու են կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, ու որ այդ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան:

Ստացվում է, որ Ռ. Գևորգյանին նախ թույլատրել են կառուցել հերոս որդու գերեզմանը, հետո էլ որոշել են առանց խղճի խայթ զգալու քանդել տալ այն:

Ակնկալում ենք ՀՀ ՊՆ-ի արձագանքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք