211652_close_icon
views-count35166 դիտում article-date 14:57 30-08-2021

Էրդողանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։

Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք՝ նշելով, որ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի և կառուցողական քայլեր պետք է ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական, և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվելը և համագործակցության համար պայմաններ ստեղծելը հնարավոր են միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։

Էրդողանը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։

Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, «որոնք երկրների կկապեն, և այդպիսով շատ խնդիրներ կհաղթահարվեն»։ 

Նմանատիպ նյութեր