211652_close_icon
views-count27890 դիտում article-date 17:30 29-08-2021

Թուրքիայի նախագահը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար նորմալացնել՝ վերջինիս կողմից հաշտվողական հայտարարություններից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
 
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ է տեսնում՝ տարածաշրջանային խաղաղության առումով:
 
«Ես հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը: Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է կառուցողական մոտեցում: Եթե նույնիսկ առկա են տարաձայնություններ, բարիդրացիական հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի հիման վրա: Այդ իսկ պատճառով մենք կարող ենք աստիճանաբար նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին», թուրք լրագրողներին ասել է Էրդողանը:
 
Նրա խոսքերով, տնտեսական զարգացման և համագործակցության հարցերով հնարավոր կլինի զբաղվել միայն կայուն խաղաղություն ապահովելուց հետո:
 
Էրդողանը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։
 
Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, «որոնք երկրների կկապեն, և այդպիսով շատ խնդիրներ կհաղթահարվեն»։

Նմանատիպ նյութեր