Ներդրվելու է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստր

Ներդրվելու է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) վարման կարգը և ներդրվում կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը։ Հայտնում՝ ԿԳՄՍՆ-ն։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է ՀՀ կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը։

ԿԿՏՀ–ում գրանցվում են ՀՀ-ում նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպական իրավական ձևից և ենթակայությունից։

Անձնական տվյալները ԿԿՏՀ հավաքագրվում, մշակվում և պահվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

ԿԿՏՀ ողջ տեղեկատվությունը պահվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կենտրոնական հանգույցի սերվերների վրա, որից օգտվելու հնարավորություն ունեն ԿԿՏՀ բոլոր մասնակիցները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԿԿՏՀ և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների նմանատիպ համակարգերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային, ինքնաշխատ եղանակով՝ պետական տեղեկատվական համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումն իրականացնող օպերատորի միջոցով։

ԿԿՏՀ միջոցով հավաքագրված տվյալները կիրառվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման, տվյալների հիման վրա որոշումների կայացման, վարչարարության իրականացման և վիճակագրության վարման նպատակով։

ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը տիրապետում է ուսումնական բոլոր հաստատությունների մասին համակարգով հավաքագրվող ողջ տեղեկատվությանը՝ ներառյալ անձնական տվյալները։

ՀՀ պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները ստանում են տեղեկատվություն՝ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կարգերին համապատասխան։

Պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և Երևանի քաղաքապետը ստանում են իրենց ենթակայության ներքո գտնվող ուսումնական հաստատությունների մասին ողջ տեղեկատվությունը՝ ներառյալ անձնական տվյալները։

ՀՀ համայնքային, պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները մուտքագրում, խմբագրում են իրենց ուսումնական հաստատության և ներգրավված սուբյեկտների մասին ցանկացած տեղեկատվություն և տիրապետում են այդ տեղեկատվությանը։

ԿԿՏՀ համակարգի տվյալները հավաքագրվում են ուսումնական հաստատությունների միջոցով:

ԿԿՏՀ հիմնական ենթահամակարգերն են`
1) Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ ՆԿԿՏՀ վարչական ռեգիստր։
2) Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ՝ ԴԿՏՀ վարչական ռեգիստր։
3) Մասնագիտական կրթության՝ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի կառավարման տեղեկատվական համակարգ՝ ՄԿԿՏՀ վարչական ռեգիստրներ։
4) Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման էլեկտրոնային համակարգ։
5) Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման համակարգ։
6) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տեղեկատվական համակարգ։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք