Դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն հանրակրթական նոր չափորոշիչը կյանքի կոչելու գործում

Դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն հանրակրթական նոր չափորոշիչը կյանքի կոչելու գործում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ` Դիլիջանի «Այբ» կենտրոնական դպրոցում անցկացվել է մարզի 82 դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման եռօրյա դասընթաց: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ 


Վերապատրաստման մասնակիցներին տեսակապի միջոցով ողջունելով՝ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է.

 «Նոր չափորոշիչների արդյունավետ ներդրման գործընթացում չափազանց կարևոր է դպրոցի ղեկավար կազմի դերը:  Տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն  նոր չափորոշիչով նախատեսվող փոփոխությունները կյանքի կոչելու, այդ թվում՝ նոր ուսումնական պլանները, գնահատման կարգը,  տարիֆիկացիոն պլանները և մնացած բովանդակային բարեփոխումները հաջողությամբ կիրառելու գործում»:

Նա համագործակցության համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես,  ԲՏՃՄ (բնագիտամաթեմատիկական և գիտատեխնիկական) առարկաների վերապատրաստումն իրականացնող «Այբ» կրթական հիմնադրամին, որն ամռան ամիսներին ակտիվ աշխատել է՝ ապահովելով վերապատրաստումների դինամիկ և անխափան ընթացքը։ Փոխնախարարը նշել է, որ առջևում շարունակական աշխատանք է սպասվում, ուստի կարևոր է առավելագույնս ներգրավված լինել և հետադարձ կապի միջոցով նպաստել գործընթացի արդյունավետության բարձրացմանը։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը հանդիպման ընթացքում ասել է, որ վերապատրաստման այս ծրագիրը առանձնահատուկ է, քանի որ դպրոցների տնօրենները և փոխտնօրեններն առաջին անգամ են վերապատրաստվում ուսուցիչների հետ միասին։ Արդյունքում, նրանք դառնալու են հանրակրթության նոր չափորոշչի  գործընթացի առաջնորդները, որը սկսվել է Տավուշում և հետագայում տարածվելու է ամբողջ հանրապետությունով։

Դպրոցների ղեկավար կազմերի վերապատրաստման ծրագիրը հիմնված է արդյունավետ առաջնորդության միջազգային փորձի վրա և նպատակ ունի աջակցելու դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին՝ իրենց դպրոցներում արդյունավետ կերպով առաջնորդելու բարեփոխումների գործընթացը և հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրումը։

Զարգացման ծրագրի շրջանակներում մասնակիցները տեսական և գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրել են իրենց ամենօրյա աշխատանքում կարևոր նշանակություն ունեցող այնպիսի թեմաներ, որոնք են դպրոցի բարելավմանը և արդյունքների գնահատմանն ուղղված տեսլականի և ռազմավարության մշակումը, դասավանդման և ուսումնառության առաջնորդումը, համակարգային փոփոխությունների առաջնորդումը, ծնողների և համայնքի հետ համագործակցության ծավալում, թիմերի առաջնորդումը, արդյունավետ հաղորդակցությունը, ինքնազարգացումը և ուրիշների զարգացմանը նպաստող գործունեության ծավալումը:

Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է 3 փուլով, որոնցից յուրաքանչյուրը կազմված է եռօրյա դեմ առ դեմ հանդիպումներից։ Գործընթացը կուղղորդվի մենթորության խմբային հանդիպումներով ու քննարկումներով և կտևի մինչև 2022 թ․ մայիս ամիսը։

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերապատրաստումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի՝ «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք