211652_close_icon
views-count2488 դիտում article-date 14:15 13-08-2021

ՌԴ վաստակավոր ճարտարապետ Սերգեյ Մինասյանը Արցախի ԱԺ նախագահին է հանձնել պատվավոր դիպլոմ

Հուլիսի 13-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Աշոտի Մինասյանին: Հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը;

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինքը, բացի քաղաքական գործիչ լինելուց, գիտական աշխարհի մարդ է. «Դադարել եմ գիտությամբ զբաղվել դեռևս 90-ականներին, երբ մտել եմ քաղաքական դաշտ: Ներկա իրողությունները, Արցախի  և նրա ժողովրդի ապագան, ՀՀ սահմանամերձ շրջանններում տիրող մտահոգիչ  իրավիճակը մեզ համար դարձել են գերխնդիրներ: Այնուամենայնիվ,  հավատացած ենք, որ մեր ժողովուրդը ոտքի կկանգնի  և հաջողությունները կուղեկցեն մեզ »:

Խոսելով Արցախի գիտակրթական կյանքի մասին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ կորոնավիրուսային  համավարակը և 2020թ. աշնանային պատերազմը իրենց ավերիչ ազդեցությունն ունեցան նաև գիտակրթական համակարգի զարգացման վրա: Այս առումով ԱԺ նախագահը  կարևորել է Արցախում գիտակրթական կյանքի վերականգնմանն ուղղված աշխատանքները, քննարկել նրա զարգացմանը նպաստող հարցեր:

Սերգեյ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի գործունեությանը, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ու  տարբեր գիտական կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Հանդիպման վերջում միջազգային ճարտարագիտական  ակադեմիայի  նախագահության կողմից Սերգեյ Մինասյանը ԱԺ նախագահին է հանձնել պատվավոր դիպլոմ՝ կառավարման ոլորտի իրավական ապահովման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Նմանատիպ նյութեր