211652_close_icon
views-count1394 դիտում article-date 16:06 10-08-2021

Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք

Իրանական կողմը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք դրա դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հայտնել է Իրանի էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, որի խոսքն օգոստոսի 10-ին մեջբերում է Fars գործակալությունը։

«Մեր երկրի կարիքներն են դարձել այն բանի պատճառը, որ մենք դադարեցրել ենք էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք»,- ասել է նա:

Ռաջաբի Մաշհադին նաեւ տեղեկացրել է Աֆղանստան արտահանության կրճատման մասին: «Այսօր առկա պայմանագին համապատասխան մենք Աֆղանստանին ենք մատակարարել 13 մեգավատ էլեկտրաէներգիա, մինչդեռ անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կազմել է 100 մեգավատ»,- հավելել է նա:

Իրանի ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ «անցյալ տարի երկիրն արտահանել է շուրջ 2 հազար մեգավատ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի ներքին կարիքների պատճառով արտահանումը կրճատել ենք մինչեւ 150 մեգավատ»: Իրանում էլեկտրամատակարարման իրավիճակն այս ամռանը սրվել է եւ հանգեցրել լույսի կանոնավոր անջատման ամբողջ երկրում:

Խնդիրը մի քանի անգամ բողոքի ակցիաների է հանգեցրել Իրանի քաղաքներում: 

Նմանատիպ նյութեր