Տոկիո-2020. Ասպարեզում մեր վերջին հույսը մնացին Հովհաննես Բաչկովն ու Վազգեն Թևանյանը

Տոկիո-2020. Ասպարեզում մեր վերջին հույսը մնացին Հովհաննես Բաչկովն ու Վազգեն Թևանյանը

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 17 պատվիրակներից 15 –ն արդեն ավարտել են իրենց մրցելույթները:



Ասպարեզում մնացած մեր երկու տղաները ցանկանում են հարստացնել մեր թիմի հաշվին գրանցված մեդալների քանակը: Ասենք, որ այդ գործն արդեն արել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ /: Նա արդեն կիսաեզրափակիչում է և իր համար ապահովել է բրոնզե մեդալ:



Վաղը՝ օգոստոսի վեցին, ժամը 9. 30 –ին, գյումրեցի մարզիկը եզրափակիչ մտնելու համար կմրցի ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ: Նախորդ բոլոր երեք մրցակիցների նման, ամերիկացին նույնպես <<  ամուր ընկույզ >> է: Փույթ չէ, քանզի անվեհեր գյումրեցին բազում հաղթանակներ է տոնել << անպարտելիների >>  նկատմամբ:



Չկասկածենք մեր վարպետի հաջողությանը:



Դարձյալ վաղը, օլիմպիական մրցագորգի վրա,  իր նորամուտը կանի մեր վերջին ՝ 17 –րդ մարզիկ,  ազատ ոճի ըմբիշ, շնորհաշատ Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նրա մրցակիցը հեղինակավոր Հաջիմուրադ Ռաշիդովն է: Նա ներկայացնում է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, բազում տիտղոսներ ունի և աշխարհի գործող չեմպիոնն է :



Ճանաչելով  փոքրվեդեցի ըմբիշին, ասենք , որ նրան հաճույք  է պատճառում անվանի մրցակիցներ ունենալը: Նման պարագայում բազմապատկվում է հայորդու հաղթանակի տենչը, մարտունակությունը, դիմացկունությունը  և գոտեմարտի առաջինից մինչև վերջին վայրկյանը մարտնչող մարզիկն  իրենը կանի և կուրախացնի հայ մարզասերներին:



Զինվենք համբերությամբ և հետևենք  օգոստոսի վեցին , առավոտյան 6. 30 –ին  նշանակված  ազատ ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի  ընթացքին:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք