«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին և Արթուր Դավթյանին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին և Արթուր Դավթյանին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լուսադեմին մարդաշատ էր << Զվարթնոց >> օդանավակայանը: Հայրենիք էին ժամանելու օլիմպիական խաղերի փոխչեմպիոն , ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը,  բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նրանց հետ նաև Հայաստան են ժամանել ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը և մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը:



Դիմավորողների թվում էին ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ –ի փոխնախագահ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը, մեդալակիրների հարազատները, մարզընկերները, մարզական գերատեսչությունների, համապատասխան ֆեդերացիաների աշխատակիցներ, մարզասերներ: Մեդալակիրներին երևալուն պես հնչեց ավանդական զուռնա դհոլի զիլ ձայնը:

Ընդհանուր պատկերը տոնական էր:

Մարզական լրագրողները հարցեր ուղղեցին հայկական դրոշը Տոկիոյում վեր խոյացրած մեր վարպետներին: Նրանք շնորհակալություն հայտնեցին դիմավորողներին, ասացին, որ այս պահից կսկսեն նախապատրաստվել Փարիզում, 2024 –ին կայանալիք օլիմպիական խաղերին, որտեղ նպատակ ունեն բարելավել իրենց դիրքերը:

Նրանց ցանկությունների, խոհերի ու հնարավորությունների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնց մասին լավ գիտեն մարզասերները:

«Արծաթե մեդալը հաղթանակ չէի համարի: Ուզում էի իրոք հաղթանակ լիներ, որ այն նվիրեի պատերազմում զոհված մեր տղաներին: Չստացվեց, իմ օրը չէր», – լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոն Մարտիրոսյանը:



Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  իր նվաճած օլիմպիական բրոնզե մեդալը Հայաստանում առկա պայմանների  համատեքստում հաղթանակ է համարում: «Սա մենակ իմ հաղթանակը չէ, սա բոլորիս հաղթանակն է: Երրորդ տեղը մեր պայմանների համար ոսկե մեդալ եմ համարում: Գիտեք, թե ինչ վիճակում ենք: Սառույցը կոտրվեց և բոլորիս համար հասանելի դարձավ»,- ասաց Դավթյանը:



Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում  Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: 



Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք