Չիրացրեցինք մեր հնարավորությունները․ Մեր սպասելիքները չիրականացան․ Կարեն Գիլոյան. Armsport.am

Չիրացրեցինք մեր հնարավորությունները․ Մեր սպասելիքները չիրականացան․ Կարեն Գիլոյան. Armsport.am

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տոկիոյից ամփոփել է օգոստոսի 3-ին կայացած մրցելույթները, որոնց արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչներ, ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ, իսկ ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզի համար պայքարում, հայտնում է Armsport.am-ը:



«Չիրացրեցինք մեր հնարավորությունները։ Մեր սպասելիքները չիրականացան։ Իհարկե, դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ։ Իհարկե, առկա է մրցավարական անճշտություն։ Իհարկե, կան նաև այլ պատճառներ, բայց իրականությունն այն է,որ մենք երեկ կարող էինք ունենալ երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ, բայց ունեցանք երկու արծաթե մեդալ։



Այստեղ մի հետաքրքիր տրամաբանություն կա։ 2000 և 2004 թվականներին՝ Սիդնեյում և Աթենքում, մենք բրոնզի համար էլ երջանիկ կլինեինք։ Սիդնեյում մեկ բրոնզ ունեցանք, իսկ Աթենքում առհասարակ մեդալ չունեցանք, հիմա երկու արծաթ ունեցանք, Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել ու շարունակում է պայքարը, Վազգեն Թևանյանն էլ դեռ չի սկսել, բայց մենք խոսում ենք անհաջողության մասին։Այո, ինչ-որ տեղ անհաջողություն է, բայց սա սպորտ է, ու բոլորն էլ գալիս են մեդալի հետևից։ Արթուր Ալեքսանյանից միայն ոսկի էինք ակնկալում․ դա բնական է, նա Օլիմպիական չեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, բայց նախ կարծում եմ՝ ազդրի վնասվածքն իր խոսքն ասաց, աննշան վնասվածքն անգամ կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ եզրափակչում, ու նաև այստեղ մրցավարական որոշակի խնդիր կար։ Արթուրն ամենևին էլ ակտիվ չէր, ձեռքը գուցեև ոտքին դիպավ, բայց այստեղ մրցավարները պարտավոր էին դա չնկատել, չնշել։



Ինչ ասեմ, պետք է քննարկենք, վերլուծենք, որպեսզի հասկանանք, թե ինչ սխալներ թույլ տվեցինք ու ինչպես պետք է դրանք հետագայում ուղղենք»,- ասել է Կարեն Գիլոյանը

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք