Այս բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի. Արթուր Դավթյան

Այս բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի. Արթուր Դավթյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ,  Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի համար Տոկիոյի խաղերում նվաճած բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի:



«Եթե անկեղծ՝ ես գոհ չեմ իմ ելույթից: Առաջին ցատկը լավն էր, երկրորդին չարեցի այն, ինչ կարող էի: Մարզումների ժամանակ շատ լավ էր ստացվում: Խնդիրը երկրորդ ցատկի ժամանակ ավելորդ քայլն  էր: Այս բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի: Մեզ համար այս արդյունքը ոսկե արդյունք է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց նա:



Դավթյանի խոսքով` ինքը մեծ հպարտություն է ապրում, որ մեդալ կտանի Հայաստան: «Տխրությունը մի կողմ դնելով կասեմ, որ ավելի լավ է երրորդ տեղը, քան ոչինչ: Բայց տեսնում էի` հնարավորությունը կար ոսկե մեդալի: Շնորհակալություն մեր մարզիչներին, ձեզ` լրագրողներիդ, որ սպասում էիք: Սառույցը կոտրեցինք և ցույց տվեցինք, որ մենք կարող ենք մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում այս վատ իրավիճակում: Նոր սերունդը պետք է հավատա, որ մեդալ նվաճելը Օլիմպիական խաղերում հնարավոր է»,-շեշտեց նա:



Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում  Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: Ոսկե մեդալ  նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք