Կրակոցներ Երևանում․ Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են

Կրակոցներ Երևանում․ Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են Այսօր, հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հ․ Սարգսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ վաղ առավոտյան Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են՝ Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սերգեյ Ս․-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Մ․-ն և 36-ամյա Պետրոս Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Հ․-ի, 61-ամյա Արթուր Դ․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Այդ ընթացքում Արման Հ․-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ 

Նոր Նորքի ոստիկանները Բաբկեն Մ․-ին, Սերգեյ Ս․-ին, Վահե Մ․-ին, Պետրոս Մ․-ին, Արման Հ․-ին, Արթուր Դ․-ին տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Արման Հ․-ի մոտ հայտնաբերվել է նաև Walther տեսակի ատրճանակ։ 

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ ստացողներ չկան։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից  Բաբկեն, Վահե և Պետրոս Մ․-երը հարազատ եղբայրներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք