211652_close_icon
views-count1382 դիտում article-date 16:51 30-07-2021

Քաղաքը կարդում է. մեկնարկեց Գրքի երևանյան փառատոնը

Գրքի երևանյան 4-րդ փառատոնը, որին մասնակցում են 37 հրատարակչություններ, ինչպես նաև թանգարաններ և գիտահետազոտական կենտրոններ, կամրացնի գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթան, ընթերցողներին հնարավորություն կտա զեղչերով ձեռք բերել սիրված հեղինակների ստեղծագործությունները, հետաքրքիր քննարկումների, շնորհանդեսների, համերգների և այլ նախաձեռնությունների շրջանակում հաղորդակցվել գրողների, գրականագետների, բանասերների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

Փառատոնը մեկնարկեց հուլիսի 30-ին Հայաստանի նկարիչների միության դահլիճում: Գրում է «Արմենպրեսը»

Եռօրյա փառատոնին, որն անցկացվում է ոչ միայն Նկարիչների միությունում, այլև «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում, մոտավորապես 35 միջոցառում է նախատեսվում՝ ուղղված ընթերցողների լայն շրջանակին: Կկազմակերպվի «Հեքիաթաթերապիա», որի բանախոսներն են գրականագետ Նվարդ Վարդանյանը և «Թերապևտիկ հեքիաթներ» շարքի հեղինակ Քրիստինե Մկրտչյանը, կլինի հանդիպում «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանի հետ, «Զանգակը» կկազմակերպի Նիլ Գեյմանի «Քորլայն» վեպի շնորհանդեսը, «Արևիկը»՝ Գիլյերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդեսը: Գիրքը կարող է հետաքրքրել հատկապես 12-17 տարեկան ընթերցողներին:

Ընթերցողներին կարող է հետաքրքրել «Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ» դասախոսությունը գրականության մասին, Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցի ելույթը. նա ընթերցողներին կպատմի իր ընտանեկան հուշերից, հուլիսի 31-ին փառատոնը երաժշտական կատարումներով կզարդարի Լիլիթ Պիպոյանը:  Օգոստոսի 1-ին կամփոփվեն նաև գրական մրցույթի արդյունքները:

Նմանատիպ նյութեր