Հայաստանի Քիքբոքսինգի առաջնությունը ցույց տվեց մարզաձևի հեղինակության աճը. մրցաշարին ներկա էր աշխարհի չեմպիոն Արսեն Խաչատրյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Քիքբոքսինգի առաջնությունը ցույց տվեց մարզաձևի հեղինակության աճը. մրցաշարին ներկա էր աշխարհի չեմպիոն Արսեն Խաչատրյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան հուլիսի 27-ին կազմակերպել էր առաջնություն, որին մասնակցում էր ավելի քան 250 մարզիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից:
 
Մրցաշարի մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը:
 
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը ներկա էր նաև Ֆրանսիայից ժամանած համաշխարհային մրցաշարում Հայաստանի առաջին ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Խաչատրյանը: Ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը նրան պարգևատրեց ոսկե ձեռնոցով և պատվոգրով:
 
Քիքբոքսինգի ֆեդերացիայի գործունեությունը և մարզաձևը Հայաստանում հետևողականորեն լուսաբանելու և մասսայականացնելու համար Ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին նույնպես պարգևատրեց մրցաշարի մեդալով և պատվոգրով:
 
Գառնիկ Հայրապետյանն իր խոսքում նշեց. «Ուզում եմ հայտնել, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման օրը քիքբոքսինգը ճանաչվել է օլիմպիական մարզաձև և համալրել Օլիմպիական մարզաձևերի մեծ ընտանիքը, ինչը խիստ կարևոր է մարզաձևի տարածման համար: Այսօր քիքբոքսինգով զբաղվող 2500 մարզիկ ունենք: 44 դպրոց ունենք, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունում»:
 
Նշենք, որ Քիքբոքսինգի միջազգային ֆեդերացիայի՝ WAKO-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Քիքբոքսինգի ֆեդերացիան է՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ:
 
Մրցաշարում իրենց գերազանց են դրսևորել Սյունիքի, Գեղարքունիքի, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի մարզիկները:
 
Ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը բոլոր զինակոչային տարիքի երեխաներին կոչ արեց անվճար իրենց դպրոցներում մարզվել, որպեսզի ֆիզիկապես կոփված լինեն և պատրաստ լինեն հայրենիքի ծառայությանը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք