211652_close_icon
views-count1309 դիտում article-date 19:08 29-07-2021

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանում և գիշերել Վաղուհաս գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին  աշխատանքային  շրջայց է  կատարել  Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում:

Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքներում պետական նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել համայնքների և, առհասարակ, Արցախի սոցիալ-տնտեսական  զարգացման հեռանկարներն  ու կառավարության ծրագրերը,  պատասխանել ներկաների հարցերին:

Բնակիչների հարցերը հիմնականում վերաբերում էին ջրամատակարարմանը, բնակարանային շինարարությանը, պետական աջակցության ծրագրերի առանձին դրույթների: «Տեղերում անմիջական շփումները բնակիչների հետ ճշգրիտ տեղեկատվություն են ապահովում և ուղղակիորեն ազդում կառավարության աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա, որի միակ հասցեատերը այդ նույն բնակիչն է, նրա ֆիզիկապես, հոգեպես անվտանգ ու սոցիալապես ապահով ապագան:

Հանրապետության իշխանությունները քաղաքացիներից ակնկալում են նախաձեռնողականություն ու սրտացավություն պետական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացներում՝ նպատակ ունենալով արդյունավետ ու ներառական կերպով լուծել հանրային ու անհատական հիմնախնդիրները»,- նշել է պետնախարարը: Արտակ Բեգլարյանն աշխատանքային այցի շրջանակներում Վերին Հոռաթաղում մասնակցել է «Արմաթ» լաբորատորիայի բացմանը, ինչը 5-րդն է ընթացիկ տարում: Նա կարևորել է «Արմաթ» լաբորատորիաների ցանցի ընդլայնումը՝ շեշտադրելով կառավարության պատրաստակամությունը նպաստելու նմանօրինակ կրթական ծրագրերի կյանքի կոչմանը:

Պետական նախարարը այցելել է նաև Գետավանի տեղամասային հիվանդանոց, հանդիպել բուժանձնակազմի հետ, ծանոթացել շենքային պայմաններին, լսել հիվանդանոցի հետագա գործունեությանն ու առկա պայմանների բարելավմանն առնչվող առաջարկները: Պետնախարարն ընդգծել է, որ մշակվում են ծրագրեր տեղամասային հիվանդանոցների կարողությունները և քաղաքացիների բուժսպասարկման մատչելիության մակարդակը նշանակալիորեն բարելավելու ուղղությամբ:

Ա. Բեգլարյանի հաջորդ կանգառը Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում էր, որտեղ լայն թափով բնակարանաշինական ու ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվում: Պետական նախարարի հագեցած աշխատանքային օրվա ավարտը Վաղուհասում էր: Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել ու գիշերել է Խաչատրյանների բազմազավակ ընտանիքում, որտեղ և անմիջական մթնոլորտում նա հաղորդակից է դարձել գյուղի և գյուղացու առօրյային ու հիմնախնդիրներին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր