211652_close_icon
views-count2590 դիտում article-date 15:13 29-07-2021

Պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան ուսանողական նոր խմբեր

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում եւ «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, նաեւ դրանք համարեց անհետաձգելի:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով ասաց, որ այս նախագծերն ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, նաեւ նպատակայնության եւ ծավալների ընդլայնմանը:

«Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսհաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից:

Գործող կարգերով, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից  օգտվում են ուստարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով սահմանված ուսանողական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանային համայնքների ուսանողները:

Պետության կողմից աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր մարտական գործողությունների մասնակից կամ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները: Այս փոփոխությունների արդյունքում կառավարության կողմից կհաստատվեն համապատասխան կարգեր, որոնցով կկարգվորվեն նաեւ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրով ընդունված 2 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, ինչպես նաեւ կամրագրվեն առաջադիմության շեմեր (ՄՈԳ), նպատակ ունենալով խրախուսել սովորողների առաջադիմությունը»,-հայտարարեց Դումանյանը:

Նա հավելեց, որ ներկայումս առաջադիմության շեմի քննարկվող տարբերակներից են ՄԿՈՒ համակարգում 60 տոկոս, բուհական համակարգում 70 տոկոս, մագիստրտուրայում 80 տոկոս:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ վերջին տարիներին կառավարության պահուստային ֆոնդից տրվել են միջոցներ, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել 2 եւ ավելի երեխա ունեցող, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները. «Աջակցություն կստանան միայն այն ուսանողները, որոնք կհաղթահարեն սահմանված առաջադիմության շեմը, բացառությամբ նախկինում շահառու հանդոսացած ուսանողները: Նախագծի ընդունման դեպքում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվեն շուրջ 4000 ուսանողներ: 2022-ին օգտվողների թիվը կկազմի 6800, 2023-ին՝ 6000, 2024-ին՝ 4600»:

Դումանյանը հիշեցրեց, որ կա նաեւ առանձին միջոցառում, որով 44-օրյա պատերազմի մասնակցած ուսանողներին, նրանց զավակներին եւ ամուսիններին մեկ  կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրվում, որով արդեն իսկ 7074 շահառու է ներգրավված, դրա համար տրվել է 1,464 մլրդ դրամ:

Նմանատիպ նյութեր