211652_close_icon
views-count4063 դիտում article-date 10:37 29-07-2021

Չկա պահի լրջության գիտակցությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «44-օրյա պատերազմում մեր կրած պարտությունը, դրա հետեւանքները, մեր սահմանների անվտանգությունը, տարբեր երկրների եւ կազմակերպությունների շահագրգռվածություններն այս տարածաշրջանում չէին դարձել անցած ընտրություններին նախորդող բանավեճի գլխավոր թեման: Եթե ընտրողներին մի բան հետաքրքրում էր, ապա դա այն հարցն էր՝ կկարողանա՞ արդյոք Փաշինյանը «փռել Քոչարյանի մեյդը», թե՞ հակառակը: Երբ չկա հասարակական պատվեր, քաղաքական ուժերը չեն մտածում անվտանգության եւ արտաքին քաղաքականության, իմ կարծիքով, ամենակենսական խնդիրների մասին եւ զբաղված են դատարկ, մանր ու անիմաստ լեզվակռվով:

Ներկա խորհրդարանն այդ առումով ճշգրտորեն արտացոլում է մեր հասարակության հետաքրքրությունները՝ հասարակություն, որն անգամ հիմա, երբ ակնհայտ է, որ պատերազմն, ըստ էության, շարունակվում է, չի կարողանում կտրվել «ներքաղաքական» օրակարգից եւ մեր սահմաններին ընթացող մարտական գործողություններն օգտագործում է միայն այս կամ այն կողմին մեղադրելու համար: Ճիշտ նույն գործով զբաղված են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը:

Մեր քաղաքացիների եւ քաղաքական ուժերի մեծ մասը չի գիտակցում պահի լրջությունը, քաղաքացիներն անվտանգություն չեն պահանջում, իսկ իշխանությունը չի էլ պատրաստվում դրանով զբաղվել: Բայց հետաքրքրվողներին հայտնեմ, որ այս պահի իրավիճակը հետեւյալն է. նոր բախումները եւ մարդկային նոր զոհերը թույլ չտալու բոլոր լծակները հիմա Մոսկվայում են: Ռուսաստանն Ադրբեջանի հետ միասին պահանջում է Հայաստանից «միջանցք» Սյունիքի մարզով, որը վերահսկվելու է ՌԴ զինծառայողների կողմից, մի շարք անկլավների զիջում՝ «դելիմիտացիայի» անվան տակ, ինչպես նաեւ իր հենակետերի տեղադրում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Սա է Գեղարքունիքի մարզում վերջին մարտական գործողությունների քաղաքական իմաստը: 

Հայաստանի իշխանությունը պե՞տք է համաձայնի այդ պայմաններին: Ի՞նչ տարբերակներ ունի չհամաձայնելու: Ի՞նչ է սպասվում մեզ համաձայնելու կամ չհամաձայնելու դեպքում: Ահա այդ հարցերն է, որ պետք է քննարկվեն խորհրդարանում, ինչպես նաեւ քաղաքական եւ փորձագիտական հարթակներում: Քննարկման արդյունավետության գլխավոր պայմանը իրատեսությունն ու անկեղծությունն են՝ առանց քարոզչական աղմուկի:

Բայց քաղաքական գործիչներն ու քաղաքականացված մեկնաբանները խոսում են այն թեմաներով, որոնք հետաքրքիր են «ժողովրդին»: Իսկ «ժողովրդին» հետաքրքիր է, թե երբ եւ ինչպես են պատժելու «նախկիններին»: Եվ «ժողովրդի» հետաքրքրությունների հարցում նույնպես պետք է անկեղծ լինել, «չգեղեցկացնել» իրականությունը. եթե մարդկանց չէր հուզում 3700 մարդու կորուստը, ապա չի հուզի նաեւ երեք զինվորի զոհվելը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր