211652_close_icon
views-count1388 դիտում article-date 10:49 22-07-2021

Հիմա «միապետության» դրսևորումներն ավելի ուժեղ են, քան երբևէ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կա հայտնի պատմական օրինաչափություն. չնայած հեղափոխությունները, զուտ կարգախոսների մակարդակով, «համընդհանուր երջանկության» փաթեթի մեջ նպատակ են դնում նաեւ անձնիշխանության տապալումը, դրանց արդյունքում, ի վերջո, հաստատվում է մեկ անձի իշխանություն: Ամենահայտնի օրինակներն են Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը՝ իրենց Կրոմվելով, Նապոլեոնով եւ Ստալինով: Իհարկե, դա պատահում է նաեւ ավելի փոքր երկրներում եւ, համապատասխանաբար, ավելի փոքր տրամաչափի քաղաքական գործիչների հետ:

Հեղափոխություն կատարած զանգվածը կարիք ունի բնականոն, հանդարտ կյանքի, որի ընթացքում ակնկալում է, որ կիրականացվեն իրենց իղձերը: Մեծամասնության իղձերի շարքում միանձնյա ղեկավարության վերացումը եւ ժողովրդավարությունն ընդհանրապես չկա: Եթե խոսենք հեղափոխական զանգվածի ոչ նյութական պահանջների մասին, ապա կարելի է ասել՝ մարդիկ ուզում են, որ հարգվի իրենց մարդկային արժանապատվությունը, որ իրենց չկեղեքեն, իրենց սեփականությանն ապօրինի չտիրանան եւ ընդհանրապես հանգիստ թողնեն: Իսկ ինչպիսին կլինի քաղաքական ռեժիմը, եւ արդյոք երկրի առաջին դեմքը կոլեկտի՞վ, թե՞ միանձնյա ղեկավարության ջատագով է, դա քաղաքացիների մեծամասնության համար չորրորդական հարց է:

Կարծում եմ, բոլոր դիտողունակ մարդիկ կհամաձայնեն, որ հիմա Հայաստանում «միապետության» դրսեւորումներն ավելի ուժեղ են, քան երբեւէ. երկրի նախորդ ղեկավարներից ոչ մեկն այնպիսի հնարավորություն չուներ միանձնյա որոշումներ ընդունելու, որքան դա կարող է անել Փաշինյանը:

Իհարկե, առաջ նույնպես ամենաշատը գնահատվում էր անձնական նվիրվածությունն առաջին դեմքին, բայց համաձայնեք, որ, օրինակ, արտգործնախարար Վարդան Օսկանյանը կամ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնուրույն մտածող մարդիկ էին, էլ չխոսենք Տեր-Պետրոսյանի զինակիցների մասին: Հիմա ինչ-որ բան մտածել կամ առաջարկել բացարձակապես պետք չէ. Փաշինյանը, միեւնույն է, իրենը կանի. միակ բանը, որն անհրաժեշտ է, հեղափոխական բանաձեւերը կրկնելն է՝ ընդ որում, որքան «քառակուսի» եւ դոգմատիկ եղանակով է դա արվում, այնքան լավ: Բոլոր պաշտոններում, այդ թվում՝ Ազգային Ժողովում, մարդիկ նշանակվում են այդ սկզբունքով:

Սամվել Բաբայանը պաշտպանության նախարար, ըստ ամենայնի, չի նշանակվի, որովհետեւ այնքան էլ չի համապատասխանում այդ պահանջներին: Իսկ եթե նշանակվի Արշակ Կարապետյանը, դա էլ է միանգամայն բացատրելի. Ապրիլյան պատերազմի ժամանակ որպես ԶՈւ հետախուզության պետ իրեն, մեղմ ասած, անհաջող դրսեւորած գեներալը, խնդիրներ ունի «նախկինների» հանդեպ, տվել է այս իշխանությանը ձեռնտու ցուցմունքներ եւ դարձել ներկայիս «արքունիքի» համար շատ ցանկալի անձնավորություն: Եվ հակառակը՝ Հայկ Մարությանը, որը չի ձախողվել որպես Երեւանի քաղաքապետ (կարելի է նրա աշխատանքը գնահատել «3+»), սկսել է ձեռք չտալ: Միապետական տրամաբանությամբ, ավելի լավ է՝ ձախողվեր եւ շարունակեր խոսել «սեւերի» եւ «սպիտակների» մասին:

Իսկ ինչպե՞ս է սպասվում միապետության քայքայումը: Բնականաբար, նույն արքունիքից: Ցանկացած Ստալինի կողքին մշտապես լինում են Բերիայի, Խրուշչովի, Միկոյանի նման մարդիկ, որոնց ինչ-որ մի պահի սկսում է մենիշխանությունը դուր չգալ: Թե ինչպես կլինի Հայաստանում՝ դժվար է ասել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր