Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում, «գոլդ» համարանիշներով Lexus-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ճանապարհ չզիջելու պատճառով կրակել է Opel-ի վարորդի ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում, «գոլդ» համարանիշներով Lexus-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ճանապարհ չզիջելու պատճառով կրակել է Opel-ի վարորդի ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի  4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա:

Ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Վաչագան Ավագյանը Դավիթ Բեկի փողոցում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ անհայտ անձը Lexus մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների՝ ճանապարհ չզիջելու պատճառով Lexus-ի միջից ատրճանակով  կրակոց  է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է շարժիչի ծածկը:

 Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը,  ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Ասատրյանը:

Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը:
 
Opel-ը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ոստիկաններին հայտնել է, որ չի ճանաչել Lexus-ի  վարորդին և չի հիշում համարանիշները:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են  Lexus-ի համարանիշները և այն հուլիսի 21-ին հայտնաբերել են Ավան վարչական շրջանում և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի համարանիշներն են՝ 777 YZ 77, իսկ կասկածյալը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ա. Կ.-ն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնին,  որտեղ էլ վարույթ է ընդունվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք