211652_close_icon
views-count104995 դիտում article-date 21:30 21-07-2021

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում. գյուղացիներն ասում էին. «Մեզ թվաց՝ ռուսական զորամասում պայթյուն է տեղի ունեցել. տրակտորի անվադողի պայթելու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի  8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Արագածի բաժնի պետ Արմեն Հարությունյանը:

 Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ  17:45-ի սահմաններում նշված փողոցի թիվ 10 տան դիմաց  30-ամյա Հրանտ Ֆերոյանը իր տան բակում իր կողմից կայանված,  Գեղաձոր համայնքին պատկանող  «ԿԱՏ» մակնիշի 2087 ԼԼ տրակտորը երբ փորձել է  տեղաշարժել,  անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած «վալնան» (օդի  ալիքը)  վնասել է բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները,  հյուրասենյակի, ննջասենյակի դռներն ու պատուհանները, լոգարանի առաստաղը և այլ իրեր:

Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները:

Օպերատիվ են գործել Արագածի և Ապարանի բժիշկները, ովքեր  2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո Արագածի բժշկական կենտրոնի բժիշկները դարձյալ վերադարձել են դեպքի վայր և տեղում օգնությունն են ցուցաբերում ևս մեկ հոգու:

Հավաքվածներն ասում էին, որ այդ մեկ հոգին տանտերն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածները՝ նրա հարազատներն են:

Քաղաքացին կրել է խոշոր չափի նյութական վնաս ու գյուղացիները խնդրանքով դիմում են Արագածոտնի մարզպետին, որպեսզի սոցիալապես անապահով տուժված ընտանիքին օգնության ձեռք մեկնեն:

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ոստիկանության Արագածի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Բաղդասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութ են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ ասում էին. «Այնքան ուժգին էր պայթյունի ձայնը, մեզ թվաց, թե գյուղի հարևանությամբ գտնվող ռուսական զորամասում պայթյուն է տեղի ունեցել, բայց եկանք էստեղ, լրիվ ուրիշ պատկերի ականատես եղանք: Անվադողի պայթյունի հետևանքով ջահել տղեն շպրտվել էր մեքենայի միջից, տան պատուհանները, դռները ճաղավանդակներն ու առաստաղը, գույքի մի մասը փշրվել ու կոտրվել էին:

Հալալ էր՝ թե՛ փրկարարներին, թե՛ բժիշկներին, թե՛ ոստիկաններին: Ահազանգից  7 րոպե անց բոլոր օպերատիվ ծառայությունները էստեղ էին:  Բժիշկները  եթե մի քիչ ուշանային, չգիտենք՝ ինչ էինք անելու: Նրանց շնորհիվ վիրավորների վիճակը չբարդացավ: ՄԻնչև  հիվանդանոց տեղափոխելը, սաղին հետազոտեցին, առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, իսկ փրկարարներն ու ոսստիկաններն էլ իրենց գործը հմտորեն կատարեցին:

Գոհ ու շնորհակալ ենք բժիշկներից, փրկարարներից, ոստիկաններից: Մնում է, մարզպետարանը օգնության ձեռք մեկնի էս ընտանիքին, թե չէ իրենք միայնակ ի վիճակի չեն էս վիճակից դուրս գան»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր