Խուզարկություններ Գորիսի միջադեպի մասնակիցների տներում․ Aravot.am

Խուզարկություններ Գորիսի միջադեպի մասնակիցների տներում․ Aravot.am Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների հիման վրա, Aravot.am-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 20-ին խուզարկություններ են կատարվել Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների միջեւ օրեր առաջ Գորիսում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների տներում։ Վիճաբանության ընթացքում նաեւ կրակոցներ են հնչել։ Հիշեցնենք, ըստ քրգործի, հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը հորեղբոր որդու 41-ամյա Գագիկ Պողոսյանի, ընկերների Հարութ Վարդանյանի, Արմեն Աղաջանյանի, Էրիկ Զադայանի, Արմեն Հովսեփյանի, Հարութ Լալազարյանի, Մհեր Սահակյանի հետ Գորիս համայնքի Գետափնյա եւ Գ.Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում վիճաբանել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 27-ամյա Տիգրանի հետ։ Տիգրանի հետ են եղել Հրաչիկ Թունյանը, Նորայր Մնացականյանը, Մելիք Բարսեղյանը եւ վերջինիս որդին՝ Մուշեղ Բարսեղյանը։ Առաջացած ծեծկռտուքի ընթացքում Կարեն Պողոսյանը իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» 44 XX 044 ա/մ-ից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով անկանոն կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում Հարութ Վարդանյանը եւ Մելիք Բարսեղյանը ստացել են հրազենային վիրավորումներ:

Կարեն Պողոսյանի բնակության հասցեում եւ կից օժանդակ շինություններում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաեւ Կարեն Պողոսյանի ընտանիքին պատկանող Գորիս քաղաքի «Զանգեզուր» ռեստորանահյուրանոցային համալիրում (լուսանկարում), որի ընթացքում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տ/չ 1 փամփուշտ:

Խուզարկություն է կատարվել Նորայր Մնացականյանի բնակության հասցեում եւ կից օժանդակ շինություններում, որի ընթացքում տան նկուղային հարկում գտնվող պահարանի մեջ կախված զինվորական բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է 7.62մմ տրամաչափի փամփուշտ։ Ըստ խուզարկության մասնակից Լուսինե Բարսեղյանի, հավանաբար պատկանում է ամուսնուն՝ Նորայր Մնացականյանին, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին։ Aravot.am-ի տեղեկություններով Լուսինե Բարսեղյանը վիճաբանությանը մասնակցած Տիգրան Խաչատրյանի մորաքույրն է։

Արմեն Աղաջանյանի պատկանող տարածքներում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 142 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփի համար նախատեսված 3 հատ պատյան, 3 հատ «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչների, 5 հատ գազային ատրճանակի փամփուշտ, 16 հատ զինվորական երկաթյա սաղավարտ, 2 հատ զրահաբաճկոն, ինքնաձիգի 4 հատ պահունակ, 1 հատ զինվորական սննդի տարա, 1 հատ վրան, 2 հատ քնապարկ, 16 հատ անձրեւանոց եւ 6 հատ զինվորական ձմեռային վերարկու, իսկ Ա.Աղաջանյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» 36 XX 913 ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 1 ծխախոտի գլանակ, որի մեջ լցված է եղել յուրահատուկ հոտով թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված, որի ընդհանուր կշիռը կազմել է 0.49 գրամ:

Միջադեպի հանգամանքներով, քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 14-ին հարուցվել է գործ՝ «Քրեական օրենսգրքի» 34-104 հոդվածի (սպանության փորձ), 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,) , 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք