211652_close_icon
views-count1775 դիտում article-date 16:57 21-07-2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կքննարկի Կիպրոսի հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր պետք է նիստ անցկացնի Կիպրոսի հարցով: Գրում է «Ազատությունը»։

Պատճառը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններն են, որոնք վերաբերում են Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասի բացմանն ու բնակեցմանը:

Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևի, Վարոշան, որը գտնվում է կղզու չեզոք գոտում, պետք է անձեռնմխելի մնար մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Էրդողանի և Թաթարի հայտարարությունների կապակցությամբ՝ անընդունելի համարելով Վարոշայի կարգավիճակը փոխելու միակողմանի որոշումը: Եվրամիությունը կշարունակի առաջնորդվել Վարոշայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում Թուրքիայի կառավարությանը:

Միացյալ Նահանգները ևս դատապարտել է Վարոշայի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հայտարարությունները: «Մենք դատապարտում ենք Կիպրոսի թուրքերի՝ Վարոշայի մի հատվածը վերահսկողության տակ վերցնելու որոշումը, որն անհամատեղելի է ՄԱԿ-ի բանաձևերի հետ, անընդունելի է և անհամատեղելի կարգավորման բանակցությունները վերսկսելու նախկին պարտավորությունների հետ»,- երեկ Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Նմանատիպ նյութեր