211652_close_icon
views-count1993 դիտում article-date 10:48 21-07-2021

Ադրբեջանը կշարունակի ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է․ սենատոր Ռոբերտ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը:

Ի պատասխան այս նկատառման՝ Դոնֆրայդը հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի [խնդրի] կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը:

Նմանատիպ նյութեր