211652_close_icon
views-count2358 դիտում article-date 11:23 20-07-2021

Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը, եթե ստանա ԱՄՆ աջակցությունը. Էրդողան

Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը՝ պայմանով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ժամանակ։

«Աֆղանստանում եւ տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում, Թուրքիան կանգնած է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողքին: ԱՄՆ-ն այժմ որոշել է իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից, եւ նրանք ցանկանում են, որ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել: Մենք դրան դրական ենք վերաբերվում, եւ ԱՄՆ-ի համար ունենք մի քանի պայմաններ ինչպես դիվանագիտական ​​հարաբերություններում, այնպես էլ լոգիստիկ հարցերում»,- շեշտել է նա TRT հեռուստաալիքի եթերում: «Եթե մենք ստանանք մեզ անհրաժեշտ աջակցությունը, կմտածենք Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը ստանձնելու մասին»:

Էրդողանը հայտարարել է նաեւ «Թալիբան» արմատական ​​շարժման հետ Աֆղանստանում իրավիճակը քննարկելու իր մտադրության մասին: 

Աֆղանստանում ԱՄՆ ԶՈւ գործողության ավարտի եւ զորքերը դուրս բերելու ծրագրերի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո իրավիճակը երկրում կտրուկ սրվել է: Ինչպես հաղորդվել է հուլիսի 13-ին Պենտագոնում, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտվել է ավելի քան 95 տոկոսով: Դրան զուգահեռ, «Թալիբան» շարժմանը, ըստ նրա ներկայացուցիչների, հաջողվել է վերահսկողություն հաստատել հանրապետության տարածքի 85 տոկոսի վրա՝ ներառյալ հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով գտնվող շրջանները: 

Մինչդեռ հուլիսի 13-ին աֆղանական 1TV հեռուստաալիքը հրապարակել է թալիբների հայտարարությունը, որում ասվում է, որ պատրաստ են հարձակվել թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանում: «Թալիբանը» կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջեւ»:

Նմանատիպ նյութեր