211652_close_icon
views-count2031 դիտում article-date 15:47 16-07-2021

Ֆրանսիան և ԱՄՆ-ը կոչ են արել լիբանանցի քաղաքական գործիչներին շտապ կառավարություն ձևավորել

Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կոչ են արել լիբանանցի քաղաքական գործիչներին շտապ կառավարություն ձեւավորել եւ նախատեսել են միջազգային կոնֆերանս՝ հաջակցություն այդ ջանքերի, տեղեկացնում է AFP-ն։

«Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ աշխատեն կառավարության ձեւավորման ուղղությամբ, որը կկարողանա շտապ բարեփոխումներ իրականացնել»,- Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ֆրանսիան կոչ է արել լիբանանցի քաղաքական առաջնորդներին արագ ձեւավորել կառավարություն, որի խնդիրը լինելու է այնքան անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը եւ պայքարը կոռուպցիայի դեմ, որը Լիբանանը հանգեցրել է գրեթե սնանկացման։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վերջին իրադարձությունները հաստատում են քաղաքական փակուղին, որում «լիբանանցի առաջնորդները միտումնավոր պահում էին երկիրը մի քանի ամսվա ընթացքում, անգամ երբ երկիրը մխրճվում է աննախադեպ տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մեջ»։

Նախարարությունում ասել են, որ այժմ «անհրաժեշտ է շտապ հաղթահարել այդ կազմակերպված եւ անընդունելի խոչընդոտը»։ Նշվում է, որ Ֆրանսիան Միավորված Ազգերի Կազմակերպության աջակցությամբ օգոստոսի 4-ին կգումարի միջազգային կոնֆերանս։

Այդ օրը Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի առաջին տարելիցն է, պայթյունի հետեւանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։

Հայտարարություններն արվել են մեծ անորոշությունից հետո, երբ նշանակված վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց նախագահի հետ կառավարության կազմի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Ուրբաթ առավոտյան լիբանանյան ֆունտը սեւ շուկայում հասել է նոր առավելագույնի՝ 23 400 մեկ դոլարի դիմաց։

Սպասվում է, որ նախագահ Միշել Աունը խորհրդակցություններ կհրավիրի խորհրդարանական դաշինքների ղեկավարների հետ։ Նրան, ով ամենամեծ աջակցությունը կստանա, կառաջարկեն աշխատել նոր կառավարության ձեւավորման վրա։ 

Նմանատիպ նյութեր