Երևան էր ժամանել ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովը

Երևան էր ժամանել ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովը Երևան էր ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ / ԱԻԲԱ / Ումար Կրեմլյովը: Նա հյուրընկալվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հյուրը  շրջեց օլիմպավանով,  եղավ տարբեր մարզաձևերի դահլիճներում, երկար կանգ առավ բռնցքամարտի սրահում, ուշադրությամբ զննեց մարզագույքը, մարզոցները և ներկաներին հայտարարեց, որ աշխարհում սակավաթիվ են նման կառույցները և որ իսկապես լավ բախտ ու ճակատագիր է վիճակված Հայաստանի մարզաշխատողներին, որ ունեն Գագիկ Ծառուկյանի նման նվիրյալ ղեկավար: Նա հավելեց նաև, որ եթե   ավանդույթներով հարուստ հայկական բռնցքամարտի  հաջողությունները   չզարգանան, ապա մեղքը մասնագետներինը կլինի:

Կրեմլյովը հայտարարեց, որ նման պայմանները տեսնելուց հետո ակամա միտք առաջացավ  գալիք մրցաշրջանում Երևանում անցկացնել Եվրոպայի առաջնություն, մանավանդ, ինչպես տեղեկացա, դուք աշխարհի երկու առաջնությունների հրաշալի կազմակերպման և անցկացման փորձ արդեն ունեք:

Կրեմլյովը նաև նշեց, որ թեև նոր է ընտրվել ԱԻԲԱ –ի նախագահի պաշտոնում , բայց որոշակի գործ  հասցրել է անել, յոթ միլիոն դոլար է տրամադրվել մարզաձևի ընդհանուր ազգային ֆեդերացիաներին, ճշգրտումներ են արվել մասնագիտական – մրցավարական հարցերում, մասսայականությունը զարգացնելու նպատակով փոփոխություններ են կատարվել քաշային կարգերում և այլն:

ԱԻԲԱ – ի նախագահն ասաց, որ Երևանում կկազմակերպեն մարզչական և մրցավարական սեմինարներ, երիտասարդ մասնագետների համար անվճար դասընթացներ, տարբեր երկրների թիմերի հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ և այլն:

Ամփոփելով հանդիպումը, ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց ,որ բռնցքամարտը հարուստ ավանդույթներ ունի Հայաստանում, մեր մարզիկները նվաճել են անխտիր բոլոր բարձունքները:  Եղել են,  կան ու գործում են տարբեր տարիքային խմբերի հավաքականներ և մենք միշտ նրանց կողքին ենք և  որ ինքը պատրաստ է աջակցել ցանկացած հարցով:

Առաջիկա օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի կաշվե ձեռնոցի երեք վարպետ: Ակնկալում ենք  հաջողություն . . .

Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Կրեմլյովն առանձին հանդիպեց, զրուցեց օլիմպիական ուղեգրեր նվաճած  բռնցքամարտիկների  և մասնագետների  հետ։

 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք