Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին

Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:



Իր ֆեյսբուքյան էջում Ջուլֆալակյանը գրել է.



««Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:



Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին:



23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի,Աշխարհի գավաթակրի,Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…



Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:



Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:



Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:



Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները:



Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:



Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին,որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:



Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:



Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:



Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:



Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին»,- գրել է Ջուլֆալակյանը և ներկայացրել իր մարզական նվաճումները:



 Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում (Պեկին, Լոնդոն, Ռիո):



Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ



Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ



Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ



Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ



Ունիվերսիադայի բրոնզե մեդալ



Երիտասարդների աշխարհի չեմպիոն



Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ



Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն



Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ



ԵՊՀ Ոսկե մեդալ



ՀՀ 2012թ լավագույն մարզիկ



Սպորտի վաստակավոր վարպետ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք