211652_close_icon
views-count1978 դիտում article-date 21:59 16-06-2021

44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում է անցկացվել Տնտեսագիտականում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թատերագիր Անահիտ Աղասարյանի և դերասանուհի-բեմադրիչ Տաթևիկ Ղափլանյանի «Իմանուշտղա» պիեսի բեմադրությունն այսօր Տնտեսագիտական համալսարանում թատերական իրադարձության վերածվեց, ոգեկոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը և հանդիսատեսին նվիրեց հիացումի ու հպարտության զգացումներ: Դերասանական վարպետության սահմանը նվաճող իրենց խաղով մեր ուսանողները փայլեցին՝ մարմնավորելով ինքնատիպ կերպարներ, համոզիչ կերպով կերտելով պատերազմական իրադրության ողբերգական ու միաժամանակ լավատեսական,  արցունքախառն ու հումորով լեցուն դրվագներ:

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ  և ջանքերով, դերակատարներ Անահիտ Հակոբյանի, Մարջան Գուլինյանի, Ինեսա Մարդոյանի, Արամ Պետրոսյանի, Ժորա Ստեփանյանի, Գագիկ Վարդանյանի, Հարություն Սուքոյանի, Վրեժ Սահակյանի և  Վահրամ Ոսկանյանի փայլուն խաղով կյանք առած ներկայացումը այսօրինակ խոնարհում էր ՀՊՏՀ զոհված ուսանողների հիշատակի առջև:

Պատերազմը չսպիացող վերք է բացել մեր սրտերում, ցավ ու տրտունջ թողել: Մեր լուսեղեն ու անուշ զավակներն իրենց ծաղիկ հասակը հայրենիքին նվիրաբերեցին և մեր հուշերում մնացին հավերժ երիտասարդ՝ կենսախինդ և հումորով լեցուն, որպիսին ներկայացման հերոսներն են՝ Նարեկը, Դավիթը, Ճուտոն, Վահագնը, Քեռի Բարսեղը։  Իսկ որդեկորույս մոր կերպարը՝ Պուճուր մաման, հերոսածին մայրերի խտացումն է՝ լի  անսահման բարությամբ ու վեհությամբ:
Անդրադառնալով բեմադրության մտահղացմանն ու իրագործմանը՝ Լիլիթ Դադայանը նշում է. «Տարիներ առաջ եմ դիտել Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա»-ն՝նվիրված նրաորդուհիշատակին:Հուզիչ էր, ազդեցիկ, լուսավոր և մինչև հոգու խորքը ցնցող: 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրեց իր 28 ուսանողներին: Տղաների հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առաջին մտահղացումս այդ ներկայացումը կյանքի կոչելն էր:Բեմադրությունը որդուն կորցրած մոր տառապանքների, հերոսացումի ու լավատեսության  մասին է: Հույս ունեմ՝ պատերազմի արհավիրքով անցած մեր որդեկորույս մայրերի  հոգիներում այն ապրելու ցանկություն կառաջացնի»:

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց դերակատար ուսանողներին, Լիլիթ Դադայանին՝ հրաշալի բեմադրության համար, ինչպես նաև՝ ներկայացմանը ներկա՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ նշելով, որ դերակատարներից մեկը այդ ինստիտուտի ուսանող է: Ռեկտորը նաև երախտագիտության խոսք հղեց թատերագիր Անահիտ Աղասարյանին:

«Պատերազմի ավարտից հետո մի քանի միջոցառում ենք նվիրել մեր զոհված ուսանողներին, այսուհետ ևս, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով կկազմակերպենք, նորից, ինչպես այս ներկայացումը, կլինի մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև և մեր հավաստիացումը՝ տղաները հավերժ մեր սրտերում են»,- ասաց Դիանա Գալոյանը:
 
Այո՛, գեղարվեստն ապրեցնող ուժ ունի, և այսօր հանդիսատեսը վերստին համոզվեց:
 
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
16․06․2021թ․
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր