Ձեզ եմ ներկայացնում ապագայում ավարտուն տեսք ստացող «Մարդագրություն» պատմածաշարից ևս մի փոքրիկ գործ, որը գրել եմ վերջերս. Մարտուն Սիմոնյան

Ձեզ եմ ներկայացնում ապագայում ավարտուն տեսք ստացող «Մարդագրություն» պատմածաշարից ևս մի փոքրիկ գործ, որը գրել եմ վերջերս. Մարտուն Սիմոնյան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հեռուստառադիոթողարկումների բաժնի պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ձեզ եմ ներկայացնում ապագայում ավարտուն տեսք ստացող «Մարդագրություն» պատմածաշարից ևս մի փոքրիկ գործ, որը գրել եմ վերջերս։

Նստած է Նարինը դժբախտ տան ստվերում ու նայում է ծաղկող աշխարհին։ Գարնան արևը տաքացրել է գյուղը, մարդկանց հանել ձմռանը հաղթած տներից։ Կողքին հաշմանդամ որդին է։ Շահագործվելուց հոգնած սայլակը տիրոջ պես ծռմռվել է, անիվները պտտվելիս ճռում են․ անցած-գնացած օրերից լսվող աղմուկ է, ականջները ձայնի հետ հաշտվել են։

Կարճ տևած սիրո պտուղն արդեն պատանի է։ Տղայի աշխարհը մինչև ցանկապատն է։ Գունազրկված ու փտող փայտերից այն կողմ ուրիշ աշխարհ է․ ինքն ավելրոդ չէ միայն դժբախտ տան ստվերում, մոր ու հավերի կողքին։ Ամուսնուց մնացին միայն խարխուլ տունը, խարխուլ որդին, ածան հավերն ու հիշողությունները։ Արշամի մահից հետո ապրուստի լուծն անբերրի կյանքում պիտի քաշեն հավերն ու հաշմանդամ որդու նպաստը։ Նարինին ու օղի սիրող Արշամը տարիներ առաջ մեկնեց Ռուսաստան՝ հետը տանելով պատանու երազանքներ։ Դա փախուստ էր բահից, գյուղից, աշխարհի ու քայլող մարդկանց մասին օր օրի ավելի շատ հարցեր տվող որդուց։ Տարածությունը նրան բաժանեց Նարինից, բայց օղուց՝ ոչ։

Օղու հետ ամեն օր խմեց նաև հետը տարած երազանքները։ Նարինն ու ինքը որդու տարիքի էին, երբ դասից գյուղի գերեզմաններ փախան։ Հաջորդ օրն էլի փախան՝ գերեզմաններում առաջին փախուստի տագնապն ու առաջին հանդիպման հրճվանքը փնտրելու։ Չգտան։

Հերթական որոնման ժամանակ Նարինենց հարևանը տեսավ նրանց։ Աղջիկն էլ վճռեց կյանքն Արշամի հետ կապել՝ բամբասանքի հեղեղի դեմն առնելու համար։ Այդ օրվանից աշխարհում շատ բան է փոխվել․ գյուղը Նարինի կիսասոված ստամոքսի պես փոքրացել է, գերեզմանոցը՝ մեծացել։

Նրանց տեսած Վաչիկն էլ չկա, բամբասանքն էլ։ Երեկ իմացավ, որ բահից, գյուղից ու իր դժբախտությունից փախած մարդը փախել է նաև աշխարհից։ Նարինն ուզում էր ամուսնու մարմինը գյուղ բերել, բայց հնար չգտավ։ Դռնեդուռ ընկավ, բացատրեց, խնդրեց, համուզեց, լսեցին, ստեցին, սփոփեցին ու ճանապարհեցին։ Գունազրկված ու փտող փայտերով ցանկապատի մոտ սրբեց աչքերը, մտավ որդու աշխարհ ու անբառ նստեց դժբախտ տան ստվերում՝ ծաղկող աշխարհին նայելու։ Գարնան արևը տաքացրել էր գյուղը, մարդկանց հանել ձմռանը հաղթած տներից։

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք