211652_close_icon
views-count3330 դիտում article-date 23:56 29-05-2021

Հայ-Ռուսական համալսարանը սառեցնում է մասնակցությունը բուհերի ռեկտորների խորհրդին

Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել սառեցնել ՀՌՀ-ի մասնակցությունը «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության կազմում: Այս մասին հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։

Վերոնշյալ որոշումը կայացվել է արձանագրելով «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ հիմնադրման նպատակների և գործառույթների անհամապատասխանությունը բուհական արդի խնդիրներին, փաստելով վերոնշյալ հասարակական կազմակերպության՝ բուհական ինքնավարության չափորոշիչների հաստատման և դրանց պաշտպանության գործում դրսևորած անարդյունավետությունը, որի արտացոլումն է արդեն երկար տարիների ընթացքում շրջանառվող և վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքում այդ ինքնավարության ոտնահարման բացահայտ դրույթները, կարևորելով ՀՀ բուհական և համալսարանական համակարգերի հետագա զարգացման առաջնահերթությունների վերագիտակցման անհրաժեշտությունը, հաշվի առնելով վերը նշված հասարակական կազմակերպության նախկինում իրականացված գործունեության նկատմամբ համալսարանական լայն հանրության կողմից վստահության ոչ բավարար աստիճանը, ինչպես նաև վերահաստատելով Հայ-Ռուսական համալսարանի սկզբունքային դիրքորոշումը համալսարանների ակադեմիական  ազատության և ինքնավարության՝ որպես երկրի զարգացման կարևորագույն չափանիշների մասին։

Բացի այդ՝ ՀՌՀ-ի գիտական խորհուրդը որոշում է կայացրել դիմել Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության մյուս անդամներին՝ կազմակերպության լուծարման և դրա փոխարեն նոր՝  ակումբային սկզբունքների վրա հիմնված կառույցի հիմնադրման առաջարկով, որում անդամակցությունը չի սահմանափակվելու միայն պետական բուհերով։ Հայ-Ռուսական համալսարանը վերահաստատում է իր անվերապահ սատարումը երկրում ակադեմիական  ազատության և բուհական ինքնավարության սկզբունքներին։

Նմանատիպ նյութեր