211652_close_icon
views-count14175 դիտում article-date 12:47 18-05-2021

Ցուցահանդես, շնորհանդես, տոնավաճառ. Երևանում շուքով կնշեն Թանգարանների միջազգային օրն ու գիշերը

Թանգարանների միջազգային օրվա առթիվ, որն այս տարի անցկացվում է «Թանգարանների ապագան. վերափոխել և վերաիմաստավորել» խորագրով, Երևանում և ՀՀ մարզերում գործող թանգարաններն իրենց հյուրընկալ դռներն այցելուների առաջ կբացեն հետաքրքիր ցուցահանդեսներով, շնորհանդեսներով և մի շարք այլ նախաձեռնություններով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի մի քանի թանգարանում սպասվող մշակութային միջոցառումները:

Հովհաննես Թումանյանի թանգարանի մատույցներում բարեգործական տոնավաճառ է նախատեսվում: Տոնավաճառին կմասնակցեն թումանյանական թեմատիկ արտադրանք ունեցող կազմակերպություններ: Ամբողջ վաճառքի 30 տոկոսը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրական հիմնադրամին»:

Թանգարանում կբացվի լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի «Հայկական Քաշաթաղը լուսանկարներում» ցուցահանդեսը: Կներկայացվեն լուսանկարներ, որոնցում արտացոլված է Հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը:
Իսկ ամենայն հայոց բանաստեղծի էկրանավորված պատմվածքները կցուցադրվեն թանգարանի փոքր այգում: Ներկաները հնարավորություն կունենան դիտելու «Իմ ընկեր Նեսոն», «Աղքատի պատիվը», «Մարոն» ստեղծագործությունները: 

Թանգարանի կամարների ներքո նախատեսվում է համերգային #դյութիչ-գիշեր ծրագիրը «ԱՐԱՐ» երգչախմբի կատարմամբ: Առաջին անգամ կհնչի «Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա» երգը՝ փոխադրված երգչախմբի համար (մշակումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի, խմբավար՝ Գոռ Մելքումյան): 

Միջոցառումների մանրամասները հնարավոր է գտնել Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 18-ին ժամը 19:00-ին տեղի կունենա քանդակագործ Հերիքնազ Գալստյանի (1959-2015) անհատական ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը: 

Ժամը 11:00-18:00 «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու հուշանվերների և գրքերի տոնավաճառ, որին միացել են նաև Հայաստանի ազգային պատկերասրահն ու Գրականության և արվեստի թանգարանը:Տոնավաճառը կանցկացվի Հանրապետության հրապարակ, 4 հասցեում՝ թանգարանի մուտքի մոտ, որի ընթացքում կլինեն նաև անակնկալ նվերներ:Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 18-ին՝ ժամը 12:00-22:00-ն մշտական և ժամանակավոր ցուցադրությունների մուտքն ազատ կլինի։

Նախատեսված են նաև բազմաթիվ միջոցառումներ. 14։00-ին զրույց-հանդիպում է նախատեսվում Դանիել Երաժշտի հետ, թեման՝ Հայ կոմպոզիտորների հզոր խմբակը (Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան, Ադամ Խուդոյան, Առնո Բաբաջանյան), 16։00-ին «Քուն եղիր, բալաս․․․» օրորների ուսումնական ծրագիրը կլինի, 17։00-ին նախատեսվում է Baby Concert (համերգային ծրագիր 0-3 տարեկան երեխաների համար), իսկ երեկոյան 19։00-ին ընթերցողներին կներկայացվի «Արա Հարությունյան․Կոմիտասից Կոմիտաս» գիրքը, 19։30-ին էլ երաժշտասերները կվայելեն «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում ժամը 18։00-ին կբացվի «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները։

Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 120 մասնակից, լուսանկարների ընդհանուր թիվը 400 է։ Մրցույթին մասնակցել են նաև լուսանկարիչներ Ֆրանսիայից, Ռուսաստանից և Վրաստանից։

Տոնի առթիվ Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանն այցելուների առաջ բաց է լինելու մինչև 19։00-ն։ Ժամը 12։00-19։00-ն մուտքն ազատ է։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ժամը 14:00-18:00-ն նախատեսվում է «Արվեստը և բնությունը մեր ապագան են» խորագրով բացօթյա միջոցառումը:

18:19-ը կիրականացվի «Բացահայտիր կտավի ձայները» կրթական ծրագիրը՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով: Երեկոյան 19:00-ին էլ երաժշտության սիրահարները կարող են վայելել կիթառի հնչյունները բացօթյա համերգի շրջանակում:

Հայաստանի ազգային պատկերասրահում  ժամը 11:00-18:00-ն հուշանվերների և գրքերի վաճառք կկազմակերպվի, 12:00-22:00-ն կիրականացվի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը, իսկ 22:00-ին առցանց շրջայց կլինի պատկերասրահի մշտական ցուցադրության սրահներով:

Ռուսական արվեստի թանգարանը «Թանգարանային գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» ծրագրին կմիանա մի քանի ծրագրով: Ժամը 12:00-22:00-ն ցուցասրահում բաց կլինի «Գեղանկարչությունը բեմում» ցուցադրույթը, 15:00-16:00-ն էլ կիրականացվի «Ծաղկային հեքիաթ» կրթական ծրագիրը:

Նմանատիպ նյութեր