211652_close_icon
views-count881 դիտում article-date 15:32 06-05-2021

ՀԲ-ն 3,7 մլն դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ Արցախում իրականացվող 4 միջոցառման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով համաֆինանսավորվելու են արցախցիների համար իրականացվող մի շարք միջոցառումներ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (International Bank for Reconstruction and Development) Համաշխարհային բանկի հաստատություններից է։

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերին վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում իրականացրել և իրականացնում են սոցիալական ծրագրեր տեղահանված ու տուժած հայրենակիցների համար:

«Զուտ սոցիալական բնույթի միջոցառումների քանակը հանրագումարով ավարտված է, և այս պահին ընթացողը 25 հատ է: Մենք, բնականաբար, բոլոր այդ միջոցառումները քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսական կառույցների: Տվյալ դեպքում Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից՝ 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 մլն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը՝ այդ միջոցառումների իրականացմանը որպես խթան: Մենք այս պահին պետք է հավանություն տանք համաձայնագրին և ընթացակարգով ստորագրենք ու ստանանք դրամաշնորհը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ սրանով համաֆինանսավորվելու են 68 հազար դրամների ծրագիրը, վարձակալության 30-45 հազար դրամ հատուցումները և աշխատատեղերի հետ կապված 2 միջոցառումները:

Նմանատիպ նյութեր