Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան

Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան Հետպատերազմյան և հետհամավարակային տնտեսության վերականգնման խնդիրներ, գործարարության առջև ներկայումս ծառացած հարցեր քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների և ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ մայիսի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։  

Գործարարները ներկայացրին տարբեր ոլորտներում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման իրենց պատկերացումները, զարգացման տեսլականը։ Մասնավորապես, անդրադարձեր եղան գյուղատնտեսության, գինեգործության, կապիտալ շինարարության, ոսկեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային հաղորդակցության, զբոսաշրջության, ֆինանսական  բնագավառներին։

Կարևորվեցին ներդրումների ներգրավումը խթանող միջոցառումների իրականացումը, հարկային և տնտեսական գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման, պետական գնումների գործընթացի պարզեցման ու թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։ 
     
Հանդիպման մասնակիցները հանգամանալի անդրադարձան «Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությանը» և նախարարության կողմից մշակված «ՀՀ տնտեսական քաղաքականության հայեցակարգին»։ Մասնավորապես նշվեց, որ առկա է դրանց լայն հանրայնացման, ինչպես նաև՝ իրագործման առումով մասնագիտական ու փորձագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտություն։ Առաջարկվեց ստեղծել միասնական հարթակ, որտեղ ՀՀ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի և գործարար համայնքի ներկայացուցիչները կկարողանան պարբերաբար համատեղ քննարկումներ անցկացնել բնագավառին առնչվող քայլերի ու բարեփոխումների շուրջ։

«Պետություն-գործարարություն պարբերական երկխոսությունը չափազանց կարևոր է, հատկապես՝ հետպատերազմյան մեր տնտեսության վերականգնման ու առաջմղման համար։ Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»,-նշեց ՀԱԳՄ նախագան Արսեն Ղազարյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության առաջիկա և ապագային միտված քայլերը, պատասխանեց գործարարներին հետաքրքրող հարցերին։      

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք