211652_close_icon
views-count16737 դիտում article-date 19:33 01-05-2021

Այսօր՝ գեներալ-գնդապետ Յուրա Խաչատուրովի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 1-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրա Խաչատուրովի ծննդյան 69-ամյակն է:
 
Զինվորական հարուստ կենսագրություն ունեցող գեներալը ակնառու դերակատարում է ունեցել ՀՀ Զինված ուժերի կայացման գործընթացում, մեծ է նրա ավանդը 1990-ականների արցախյան ազատամարտում հայկական բանակի հաջողություններում: Նրա ղեկավարությամբ հայկական զորամիավորումները մի շարք ռազմական օպերացիաներ են իրականացրել՝ ջախջախից հարվածներ հասցնելով հակառակորդին:
 
Յուրա Խաչատուրովի զինվորական կարիերան իրապես տպավորիչ է:
 
1974 թ. - գերազանցությամբ ավարտել է Կարմիր դրոշի շքանշանակիր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։
1982 թ. օգոստոսից մինչև 1985 թ. հունիսը - Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։
1974 թ. նշանակվել է Հեռավորարևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատարի պաշտոնին։
1976-1982 թթ. Հեռավորարևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ։
1985-1987 թթ. - Բելառուսի զինվորական օկրուգում տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնին։
1987 թ. - 1989 թ. փետրվար - ծառայել է Աֆղանստանում՝ 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում։
1989 թ. հոկտեմբերին նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին։
1992 թ. ապրիլին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին։ Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։
1992 թ. սեպտեմբերից - ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ-ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները և խմբավորումները։ Զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները։
2000 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2009 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
2013 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի՝ հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչև 2017 թ. մայիսի 1-ը։
2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
2017 թվականի ապրիլի 14-ին Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար:
 
Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը, միավորումները և խմբավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական ավանդի համար պարգևատրվել է հետևյալ պարգևներով.
 
Հայաստանի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
«Վարդան Մամիկոնյան» շքանշանով,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով,
«Մարշալ Բաղրամյան» մեդալով,
«Անդրանիկ Օզանյան» մեդալով։
Պարգևատրվել է նաև
ՀՀ վարչապետի հուշամեդալով,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության համար»,
ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով,
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բազմիցս պարգևատրվել է անվանական զենքով։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվավոր Շքանշանով։

 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր