211652_close_icon
views-count2876 դիտում article-date 15:03 01-05-2021

Միշտ շարունակելու եմ աջակցել այս հիասքանչ երկրին. Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մշտապես սատարելու է Հայաստանին: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ ի պատասխան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակի, որն հղվել էր՝ ի նշան երախտագիտության Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած մեր ներդրումի ու դերակատարման:

«Նախագահ Սարգսյան, շնորհակալ եմ Հայաստանի մասին մշտապես ինձ նոր գիտելիքներ տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և բոլոր այն խմբերին ու հայերին, ովքեր պայքարեցին ճանաչման այս օրվա համար: Ուրախ եմ, որ կարողացա օգնել՝ իրազեկելու մարդկանց, ես միշտ կշարունակեմ աջակցել այս հիասքանչ երկրին»,- գրել է Քարդաշյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ավելի վաղ նամակ էր հղել Քիմ Քարդաշյանին՝ ընդգծելով, որ նրա և նրա ընտանիքի դերակատարումը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: «Հիասքանչ աշխատանք է, Քիմ: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»,- նշել էր նախագահ Սարգսյանը:

Նա շնորհակալական նամակներ էր հղել նաև հայտնի երգչուհի Շերլին Սարգսյանին և ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր