211652_close_icon
views-count1846 դիտում article-date 10:41 01-05-2021

Ընդդիմադիր դաշտում են հայտնվում 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողըգրում է․ «Եվ այսպես, ՀՀԿ-ն նույնպես հայտ ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու. «Հանրապետականին» աջակցելու է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, որտեղ կան փորձառու քաղաքական գործիչներ եւ մասնագետներ: Շատ հավանական է, որ օրերս մասնակցության մասին հայտարարի նաեւ Հայ ազգային կոնգրեսը:

Այդպիսով ընդդիմադիր դաշտում են հայտնվում առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների ղեկավարած քաղաքական ուժերը (եւ, ի դեպ, բացառված չէ, որ նախկին երեք ղեկավարները պայմանավորվել են առնվազն այն մասին, որ ընտրարշավում իրար նկատմամբ պահպանելու են կոռեկտության նորմերը):

Ես իմ վերլուծություններում աշխատում եմ վերանալ անձնական նախասիրություններից եւ, հետեւաբար, արձանագրում եմ, որ ներկա վարչապետի հիմնական մրցակիցը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի պատճառներով. նախ՝ նրա իշխանության բացասական դրսեւորումներն արդեն փոքր-ինչ մոռացվել են, նրան աջակցում է Դաշնակցությունը՝ լավ կազմակերպված կուսակցություն, որի շարքերում կան որոշակի գաղափարներ դավանող մարդիկ: Նյութական միջոցներից Քոչարյանն ու նրա աջակիցները նույնպես, մեղմ ասած, զրկված չեն, ինչը կարեւոր է ընտրությունների ժամանակ (այստեղ նրանց հետ կարող է մրցել միայն ՀՀԿ-ն): Երկրորդ նախագահը նաեւ ինչ-որ «քիմիա» ունի Պուտինի հետ՝ չնայած չեմ կարծում, որ ՌԴ նախագահը հիմքեր ունի դժգոհ մնալու Փաշինյանից. վերջինս անվերապահորեն կատարում է Պուտինի ծրագրերը, որոնք, իրենց հերթին, համաձայնեցված են Էրդողանի հետ:

ՀՀԿ-ի եւ Քոչարյանի ընտրազանգվածի ձայներն, այսպիսով, կբաժանվեն ոչ հավասար ձեւով՝ հօգուտ երկրորդի: Տեր-Պետրոսյանի էլեկտորատն այդ առումով ավելի յուրահատուկ է՝ հասկանալու համար, թե ինչ է նա առաջարկում, անհրաժեշտ է ապրել իրականության մեջ, ոչ թե ղեկավարվել նախապաշարումներով եւ միֆերով, ինչը (հեքիաթներով չապրելը), ճիշտն ասած, հասարակության մեծամասնության կողմից սպասելի չէ:

Իհարկե, այնպես չէ, որ նախկին երեքը եւ ներկայիս չորրորդը ինչ-որ հրեշտակներ են, եւ նրանց իշխանության տարիների մասին որեւէ վատ բան չի կարելի է ասել: Տեր-Պետրոսյանի օրոք հիմք դրվեց ընտրակեղծիքների եւ ուժայինների կամայականությունների, Քոչարյանը ստեղծեց եւ Սերժ Սարգսյանը զարգացրեց քրեաօլիգարխիկ համակարգը, որը «նպատակադրված է» կոռուպցիայի ուղղությամբ, Երկրորդ եւ Երրորդ նախագահը Արցախի հարցը լուծելու փոխարեն այդ լուծումը փորձում էին հետաձգել, Փաշինյանը ոչ միայն չէր լուծում եւ հետաձգում էր, այլեւ արտաքին հարաբերությունների ոլորտում, անհիմն ինքնավստահությունից ելնելով, անպատասխանատու հայտարարություններ էր անում:

Նույն ոճի խոսակցություններն ու գործողությունները բոլոր մնացած ոլորտներում բերեցին այն ողբալի վիճակին, որը կա այսօր:

Իհարկե, պետք է կենտրոնանալ այսօրվա իշխանությունների բացթողումների եւ ձախողումների վրա: Մնացածին կարելի էր թողել պատմությանը, եթե նրանք հայտ չներկայացնեին մասնակցելու խորհրդարանական ընտրություններին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր